Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ։ Ավելի ուշ ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետը գրառում էկատարել նշելով, որ կատարած այցի արդյունքներով համոզվել է, որ գյուղատնտեսությունը Հայաստանում կարող է լինել շահութաբեր բիզնես:
«Դրա համար անհրաժեշտ է երեք բան 1. Գիտելիք, 2. Գիտելիք, 3. Գիտելիք:
Կառավարության խնդիրն է, որ այդպիսի գիտելիքը Հայաստանում դառնա զանգվածային»,- ընդգծել է նա։
Նշենք, որ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության ղեկավարին է ներկայացրել CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները:
Այնուհետև խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ու դրանց արդյունքներին: Նշվել է, որ հիմնադրամի խումբն իր մեջ ներառում է գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված 6 կազմակերպություններ և գյուղատնտեսական սպասարկման 19 կենտրոններ։
Տեղեկացվել է, որ CARD-ը զբաղվում է գյուղատնտեսական զարգացման ծրագրերի իրականացմամբ, որոնք հիմնականում ուղղված են անասնաբուծության, կաթի արտադրության և վերամշակման զարգացմանը, գինեգործությանը, մեխանիզացման ծառայությունների, բանջարաբուծության և պտղաբուծության զարգացմանը, ինչպես նաև ջերմատնային արտադրությանը։ Վերջին նախաձեռնություններից են խոզաբուծության, այծաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերը:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու գյուղոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման առումով կարևորել գիտելիքների տարածումը, վերը նշված կենտրոնների ընդլայնման ուղղությամբ հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները:
Կառավարության ղեկավարն Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանին հանձնարարել է ժամանակակից գյուղատնտեսության կազմակերպման համար անհրաժեշտ գիտելիքների տարածման ուղղությամբ շարունակել համագործակցությունը հիմնադրամի հետ և ներկայացնել հիմնադրամում առկա գիտելիքների զանգվածային տարածման համապատասխան ծրագիր՝ այն համատեղ կյանքի կոչելու նպատակով:
Նշենք, որ CARD հիմնադրամը համակարգում է նաև ՀՀ-ում գործող 19 գյուղատնտեսական սպասարկման կենտրոնները, որոնք ստեղծված են մարզերում բարձրորակ գյուղատնտեսական ներդրանքները, ծառայությունները, գիտելիքն ու տեղեկատվությունն ավելի հասանելի դարձնելու համար։ Կենտրոններն ըստ տեղայնության մասնագիտացված են հետևյալ ուղղություններով՝ անասնաբուծություն և անասնաբուժություն, խոզաբուծություն, գինեգործություն և խաղողագործություն, ջերմոցային արտադրություն, բաց գրունտի բանջարաբուծություն, պտղաբուծություն, մանր եղջերավոր կենդանիների անասնաբուծություն: Կենտրոնները գյուղացիներին տրամադրում են նաև ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքներ և խորհրդատվություններ: Այս ընթացքում կենտրոնների գործունեության արդյունքում վերապատրաստվել են 250 մասնագետներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







