Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հացի գյուղում նշվել է համայնքի օրը:
Հացեցիներն իրենց գյուղի օրը նշել են ավանդական ուտեստների հյուրասիրությամբ, երգերով ու պարերով:
Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում համայնքի երիտասարդ ղեկավար Սանթուր Սարգսյանը նշել է, որ գյուղի զարգացման գործում մեծ է համագյուղացի բարերարների դերը: Նրա խոսքով` միջոցառումը լավագույն առիթը հանդիսացավ ևս մեկ անգամ գյուղում համախմբելու Արցախի տարբեր շրջաններում բնակվող ծնունդով հացեցիներին, արժևորելու կատարված աշխատանքները և քննարկելու նոր ծրագրեր:
Գյուղի շենացման գործում նշանակալի ավանդ ունեցող գյուղացիները Մարտունու շրջվարչակազմի կողմից պարգևատրվել են պատվոգրերով:
Հավելենք, որ Հացի գյուղի տարածքում է գտնվում հայտնի Անահիտի աղբյուրը: Ավանդության համաձայն Աղվանքի Վաչագան թագավորը հենց այդ աղբյուրի մոտ է հանդիպել և սիրահարվել գեղեցիկ, իմաստուն Անահիտին: Գյուղը հարուստ է նաև այլ պատմամշակութային կոթողներով` վանական համալիր «Բռի եղցի» (7-17-րդ դարեր), որմնափակ խաչքար (13-րդ դար) և այլն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







