Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՀՀ գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը, Արցախի և Սփյուռքի միջև հարաբերությունների ամրապնդմանը և համահայկական օրակարգի հարցերի առաջմղմանը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է համատեղ ջանքերի շարունակականության կարևորությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը։
Էնթոնի Բարսամյանը ընդգծել է, որ Արցախի շահերի պաշտպանությունը և տարբեր հարցերի շուրջ հանրապետության դիրքորոշումը ԱՄՆ պետական և հասարակական շրջանակներին ներկայացնելը ԱՀՀ գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Արցախի Հանրապետության ԱԳՆ և ԱՀՀ միջև հետագա համագործակցության վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







