Հայրենիք մշտական բնակության վերադարձող քաղաքացիների համար արտոնություն սահմանող մաքսային օրենքի փոփոխություններն, ամենայն հավանականությամբ ուժի մեջ կմտնի 2020 թվականի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին:
Սահմանվող արտոնությունից կարող են օգտվել ոչ միայն արտասահմանից Հայաստան մշտական բնակության եկողները, այլև արտասահմանում ապրող, բայց Հայաստանի գրանցումից դուրս չեկած անձինք։ Նշված խմբում գտնվող անձանց ևս թույլ կտրվի ունեցվածքը Հայաստան բերել առանց մաքսազերծելու:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ արտոնությունից օգտվելու հնարավորություն տվող երկրից բացակայության ժամկետը փոխվել է․ նախկին 5 տարին կրճատվել է 3-ի, և այս փոփոխությունը, ըստ պատգամավորի, կավելացնի Հայաստան վերադարձող մարդկանց թիվը:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն էլ ասաց, որ զգալի թեթևացվել է վարչարարարական գործընթացները․ ամեն ինչ արվել է, որ հայրենադարձ քաղաքացիները սահմանին խոչընդոտներ չունենան:
Բանախոսները նշեցին, որ սահմանվող արտոնությունից կարելի է օգտվել միայն մեկ անգամ, չեն արգելի մի տան հաշվով նույնիսկ 6 մեքենա բերելը, միայն եթե դրանք որպես սեփականություն ձևակերպված լինեն ընտանիքի տարբեր անդամների անունով և Հայաստան վերադարձից առնվազն վեց ամիս առաջ:
ՊԵԿ-ը խիստ վարչարարություն է սահմանել այն դեպքերի համար, երբ կնկատվի, որ, արտոնությունը չարաշահելով՝ փորձում են այն օգտագործել առանց մաքսազերծման որևէ ապրանք Հայաստան ներմուծելու համար:
Շուշանիկ Ներսիսյանն ասաց, որ վերջերս նման դեպք է եղել, երբ 80-ն անց մի կին Վրաստանից Հայաստան տեղափոխվելիս փորձել է ներմուծել «Բենթլի» մակնիշի մեքենա:
Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասել է, որ ակնկալում են, որ տարեկան 2-ից 3 հազար ընտանիք կդիմի այս արտոնությունից օգտվելու համար: Շուշանիկ Ներսիսյանն էլ ընդգծել է, որ վերադարձողների թիվը, որ դիմում են արտոնություն ստանալու, նվազագույնը 5-6 անգամ ավելացել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







