Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի անցկացվում է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրով: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Համաշխարհային տնտեսական համաժողովի 2020 թվականի ամենամյա հանդիպումը պաշտոնապես բացել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և նախագահ պրոֆեսոր Կլաուս Շվաբը։ Ողջույնի ուղերձ հղելով ներկաներին՝ նա մասնավորապես ասել է, որ հպարտ է այն համայնքով, որ կարողացել են ձևավորել անցած հիսուն տարիների ընթացքում։ Հայաստանի նախագահը ներկա է գտնվել նաև Դավոսի համաժողովի շրջանակում անցկացվող 26-րդ ամենամյա Crystal Award մրցանակաբաշխությանը: Այս տարի ֆորումը հաղթողներ է ճանաչել արվեստագետներ Թիսթեր Գեյթսին, Լինեթ Ուոլվորթին, պարուսույց Ջին Շինին և դերասանուհի Դիփիկա Պադուկոնեին՝ հասարակության կայունության ապահովման, ներառականության, հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման գործում ունեցած բացառիկ ներդրման համար:
Գործունեության 50 տարիների ընթացքում Դավոսի ամենամյա հանդիպումը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ բարձր մակարդակի հավաքներից մեկը: Ֆորումին այս տարի մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 բանախոսներ և ավելի քան 3000 մասնակիցներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







