Այսօր երեկոյան «future funk» ոճում հանդես եկող լեգենդար Jamiroquai խմբի համերգով մեկնարկում է միջազգային Silk Note Festival-ը։
Չորս օր շարունակ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել աշխարհահռչակ երաժիշտների կենդանի կատարումները, այդ թվում՝ The Parov Stelar բենդի, վիրտուոզ կիթառահար Al Di Meola-ի Dominique Di Piazza-ի և այլ լեգենդների։
Փառատոնի տնօրեն Արազ Բաղդասարյանի գնահատմամբ՝փառատոնը կնպաստի, որ ևս մեկ անգամ Հայսաատանը հայտնվի առաջատար ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում.«Այս փառատոնը նպատակ ունի զբոսաշրջիկներ բերել Հայաստան, և երկիրը դարձնել գրավիչ այլ երկրներից այստեղ եկած արտիստների համար։ Մենք տարբեր ուղղություններով ենք շարժվելու, տարբեր ոճի երաժշտություն է հնչելու։ Լինելու են մարդիկ, որոնց ներկայության շնորհիվ, փորձելու ենք Հայաստանը պահել միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։
Ուզում ենք Հայաստանը դարձնել մշակութային մետաքսե ճանապարհի մի մասնիկ»։
Silk Note Festival-ի շրջանակներում Հայաստանում է նաև Berin Iglesias Art միջազգային հոլդինգի համասեփականատեր Խորխե Իգլեսիասը
Նա հայտնեց, որ Berin Iglesias Art միջազգային հոլդինգը Հայաստանում մասնաճյուղ է բացելու, որը հնարավորություն է ստեղծելու Հայաստանի հետ իրականացնել երկարաժամկետ նախագծեր։
Նշենք, որ Berin Art ընկերությունը ավելի քան 15 տարի աշխատում է այնպիսի հանրահայտ արտիստների հետ, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, One Republic-ը, Robby Williams-ը և այլն։ Ինչպես նշեց ընկերության ղեկավար Մաքսիմ Բերինը, իրենց նաև բախտ է վիճակվել աշխատել Շառլ Ազնավուրի հետ՝ նրա կյանքի վերջին չորս տարիներին։
Հիշեցնենք, որ Silk Note Festival-ը Հայաստանում կազմակերպվել է «Իմ Քայլը» հիմնադրամի, Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցացիայի և BIA ընկերության նախաձեռնությամբ։ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի փոխանցմամբ՝ համերգներից ստացված ողջ հասույթը ուղղելու են մարզային մշակութային կենտրոնների զարգացմանը։
Աննա Կոստանյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







