Տոնական օրերին Հայաստանում եղել է շուրջ 9 միլիարդ առևտրաշրջանառություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ 9 միլիադից շուրջ 4 միլիարդ առևտրաշրջանառությունն իրականցվել է մարզերում և ըստ նրա՝ այդ գումարը գեներացվել է նաև փոքր կրպակների և տնտեսավարողների աշխատանքի արդյունքում՝ չհաշված տաքսու վարորդների շրջանառությունը։
«Այս միջոցով աշխատանք, փոքր բիզնես ունեցող մարդկանց օգնել են, որ նրանք հավելյալ եկամուտներ գեներացնեն։ Սրանով բազմաթիվ գործարարներ, շատ մեծ թվով անհատ ձեռնարկատերեր օգտվեցին այս դրամաշրջանառությունից և պետության կատարած 271 մլն դրամի ծախսի շնորհիվ հավելյալ օգուտներ գեներացնելու հնարավորություն ստացան»,- ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ ծախսելով 271 մլն դրամ՝ Հայաստան բերեցինք հավելյալ 9 մլրդ 307 մլն դրամ և ծախսված գումարը կրկին վերադառնալու է պետբյուջե։
Անդրադառնալով քաղաքացիների մտահոգություններին՝ արդյոք ճիշտ էր այդ 271 մլն դրամ ծախսելը, միջոցառում կազմակերպելը՝ վարչապետը նշեց, որ այդ տվյալները տեսնելով, ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անեն Ամանորի հետ կապված, որպեսզի ավելի շատ հարկեր գեներացնեն, ՀՀ քաղաքացիների համար ավելի շատ հնարավորություն ստեղծեն։
Նիկոլ Փաշինյանը նաև ներկայացրեց մարզերում իրականացված առևտրաշրջանառությանը։
«Արագածոտնում այդ օրերին ապահովվել է 268 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն, ընդ որում այստեղ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ՀԴՄ կտրոնների շրջանառությունն աճել է 91 տոկոսով: Արարատի մարզում եղել է 254 մլն դրամի հավելյալ շրջանառություն, Արմավիրի մարզում՝ 1 մլրդ 777 մլն դրամի հավելյալ շրջանառություն, Գեղարքունիքում՝ 228 մլն դրամի, Լոռիում՝ 249 մլն դրամի հավելյալ առևտրարջանառություն, Կոտայքում՝ 416 մլն դրամի հավելյալ առևտրաշրջանառություն, Շիրակում՝ 342 մլն դրամ, Սյունիքում՝ 124 մլն դրամի, Վայոց ձորում՝ 108 մլն դրամի, Տավուշում՝ 79 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ահա սա է տնտեսական զարգացման և ընդհանրապես զարգացման իրենց տրամաբանությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







