Գործադիրն այսօր՝ հունվարի 23-ին, տեղի ունեցած նիստում հաստատեց գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը։
Հայեցակարգի նպատակն է՝ հստակեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնց կիրառման արդյունքում կբարձրանա գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման մակարդակը, գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը և երկրի պարենային անվտանգության մակարդակը, ինչպես նաև կավելանա գյուղատնտեսության համախառն արտադրանքը:
Համաձայն 2018 թվականի հողային հաշվեկշռի՝ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 2044.5 հազ. հա, որից վարելահողերը՝ 445.6 հազ. հա, բազմամյա տնկարկները՝ 35.3 հազ. հա, խոտհարքները՝ 121.0 հազ. հա, արոտները՝ 1051.6 հազ. հա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2018 թվականին նպատակային օգտագործվել է 242.8 հազ. հա վարելահող կամ շուրջ 54.5 %-ը և չի օգտագործվել 202,8 հազ․ հա կամ շուրջ 45 %, որը բավական բարձր ցուցանիշ է այսպիսի սակավահող երկրի համար:
Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացում, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելացում, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների աճ, գյուղական աղքատության կրճատում, արտագաղթի տեմպերի նվազում, երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեղական արտադրանքի աճ, արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի և երկրի մակրոտնտեսական իրավիճակի բարելավում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







