ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը։ Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը, տեղեկությունների հիման վրա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պաշտոնատար անձանցից մեկը 2009 թվականից մինչ օրս շահադիտական նպատակներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը։
Մասնավորապես, օգտվելով Լճաշենի համայնքապետարանի պաշտոնյաների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու հետևանքով ստեղծված պայմաններից՝ եղբորը պատկանող ընկերության միջոցով, առանց համապատասխան թույլտվության, Լճաշեն համայնքի վարչական տարածքում կազմակերպել է բազալտի խճաքարի ապօրինի հանքարդյունահանում և իրացում՝ պետությանը պատճառելով 36 միլոն 380 հազար դրամից ավելի վնաս։
Աղբյուրի համաձայն՝ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







