Ստեփանակերտի տուն-ինտերնատում է ապրում պատկառելի տարիքով մի կին, որին բոլորը «միլիոնատեր բաբո» (միլիոնատեր տատիկ) են ասում: «Միլիոնատեր բաբո»-ն 96-ամյա Օհանջանյան Արևհատն է (Վարդիթեր, Վարդուհի):
Ծնվել է Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղում: Փոքր տարիքից ուզում էր զինվորական դառնալ: Եղբորը, զինվորական շորերով տեսնելուց հետո, այդ երազանքը չի լքել նրան:
Բավականին առույգ Արևհատ տատիկը ամբողջ կյանքն աշխատել է` բամբակ է մշակել, կով կթել, կոմբայնով հունձ արել: «Մայրս ասում էր՝ խրեգ վազ տո: Ասալում՝ ա կնեգ մեհենգ վազ տալի վախտն ա. էսա կիլականա վախտ՝ նստեմ, վար ղրաղան տյուս օնեմ, մրջեմնու նման օտեմ (Մայրս ասում էր` քիչ վազիր: Պատասխանում էի` հիմա վազելու ժամանակն է, ժամանակ է գալու՝ նստելու եմ, մրջույնի նման ուտեմ)»,- պատմում է Արևհատ տատիկը:
Արևհատը երկու անգամ ամուսնացել է: Առաջին ամուսնությունից ծնված 7 երեխաները մահացել են: Ամուսնալուծվել է և որոշել՝ այլևս չամուսնանալ:
Դրանից հետո, իր խոսքով, ուզում էր փախչել այդ վայրերից, և որոշ ժամանակ ելույթներով հանդես է գալիս Հնդկաստանում, Մերձբալթիկայում և այլ վայրերում: «Մեշոկով փող եմ բերել այդ շրջագայությունից: Ամբողջ կյանքում աշխատում էի, փող կուտակում, բայց մտքումս միշտ այն էր, որ պետք է զինվոր դառնամ»,- ասում է տատիկը:
Արցախյան պատերազմի տարիներին մի անգամ Մարտակերտի մոտ գտնվող ազատամարտիկների տեղակայման վայր է մտնում և շատ հուզվում` տեսնելով զինվորների ինքնաշեն զենքն ու զինամթերքը: «Այդտեղ էին Վլադիմիր Բալայանը, Լեոնիդ Ազգալդյանը և Մանուկը (ազգանունը չգիտեմ): Այդտեղ էլ որոշել եմ իմ ունեցած ամբողջ ոսկեղենը ու փողը նվիրել բանակին` զենք գնելու համար: Հարցրեցին` ինչ ես ուզում գնել, ասացի՝ տանկ»,- պատմում է Արևհատ տատիկը` համոզված, որ իր նվիրաբերած գումարով գնվել է տանկ, որը մասնակցել է Արցախի մի շարք բնակավայրերի ազատագրմանը:
Արևհատ տատիկի վկայակոչած ազատամարտիկները այժմ կենդանի չեն և մեզ չի հաջողվել ճշտել տվյալ զինատեսակի գնման մասին տեղեկությունը: Ամենայն հավանականությամբ՝ տատիկը նվիրաբերել է տարիներով կուտակած իր ողջ գումարը և ոսկեղենը, և այն օգտագործվել է բանակի առօրյա կարիքների համար:
Վերջին տարիներին մշտապես առույգ ու ակտիվ Արևհատի առողջությունը տեղի է տվել, դրա համար էլ Մարտակերտի իր տնից տեղափոխվել է Ստեփանակերտի տուն-ինտերնատ: Նա գոհ է իր ապրած կյանքից և հպարտ՝ հանուն նորաստեղծ բանակի կատարած նվիրատվության համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







