Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ կառավարությունը հետևողական է լինելու կանխիկ շրջանառությունը կրճատելու առումով, որովհետև ինչպես մի շարք նախկին դեպքերում, այս հարցը կարևոր է ոչ միայն տնտեսական, հակակոռուպցիոն քաղաքականության իմաստով, այլ նաև քաղաքակրթական առումով:
Կառավարության ղեկավարը նշել է, որ անկանխիկ գործառնությունների ծավալի մեծացման ու ընդհանրապես էլեկտրոնային գործառնությունների և գործառույթների թվայնացման պրոցեսն այն կարևոր ուղղություններից մեկն է, որն իսկապես պետք է լրջագույն փոփոխություն մտցնի երկրի քաղաքակրթական մակարդակում, մեր քաղաքացիների կյանքի որակի մեջ:
Նշվում է, որ նախագծի հետ կապված ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Նշվել է, որ վերջին երկու տարիների ընթացքում հանրապետությունում անկանխիկ գործառնությունների քանակը մի քանի անգամ ավելացել է, այդ թվում՝ արտասահմանյան բանկային քարտերի միջոցով: Դա պայմանավորված է նաև զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներով:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անկանխիկ գործառնությունների խթանմանն ուղղված միջոցառումներին, համապատասխան ենթակառուցվածքների ապահովմանն ու այդ ուղղությամբ առաջիկա անելիքներին: Նշվել է նաև, որ վերը նշված օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:
Վարչապետը կարևորել է անկանխիկ գործառնությունների խթանումը ինչպես քաղաքակրթական կոմպոնենտի, այնպես էլ ստվերի կրճատման առումով: Կառավարության ղեկավարը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է շարունակել նախագծի շուրջ աշխատանքները՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







