Մոսկվայի միջազգային 41-րդ կինոփառատոնում ցուցադրված «Քեզ հաղթանակ կնվիրեմ» ֆիլմի պրեմիերան «Շարմ» հոլդինգի հետ համատեղ այսօր բացառիկ իրավունքով կայացավ Երևանի պետական համալսարանում։
Իրական պատմության հիման վրա նկարահանված այս դրամայում ռեժիսոր և սցենարիստ Արսեն Աղաջանյանը զետեղել է ամեն ինչ՝ սեր, կորուստ, դավաճանություն ու պատերազմ։ Ֆիլմի գլխավոր մեխը դառնում է հայրենական մեծ պատերազմին կամավոր ռազմաճակատ մեկնած 17-ամյա հայ զինվորի խոստումը հոսպիտալի սանիտարուհուն. «Քեզ հաղթանակ կնվիրեմ»։ Տարիներ անց կամավորի կյանքի օրագիրը հայտնվում է գլխավոր հերոսի ձեռքում՝ փոխելով նրա հետագա ուղին։ Վերջինիս մարմնավորել է ռուս դերասան Մարատ Բաշարովը։
Ֆիլմում նկարահանվել են ռուս, վրացի և հայ դերասաններ։ Ռեժիսոր Արսեն Աղաջանյանի խոսքով՝ համագործակցությունը շատ հեշտ է ստացվել, և որևէ խնդիր չեն ունեցել։
«Երբ դերասանների քասթինգ էինք անում, Ֆեդյայի դերակատարի համար պետք էր այնպիսի մի դերասան, որը, ինչպես ֆիլմում տեսաք, կկարողանար այդ ազդեցիկ հայացքն ընդունել։ Քասթինգի ժամանակ, որպեսզի հասկանայի՝ Արթուրը կարող է դա անել, թե ոչ, ասացի նրան, թե իր դերի համար արդեն ընտրել ենք դերասան։ Նա իսկապես շատ լավ կերտեց այդ կերպարը»։
Հարցին, թե որքանով էր հեշտ կերտել Ֆեդյայի դերը, Արթուր Մանուկյանը պատասխանեց.«Երբ ծանոթացա ֆիլմի պատմությանը, շատ էի հուզվել։ «Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». այդ հաղթանակը ոչ գողը կարող է խլել, ոչ ժանգը՝ սրբել. դա տիեզերական հաղթանակ է։ Երբ այդքանը հասկանում ես, ուրիշ նվիրում ես դնում այդ ամենի մեջ, ուզում ես ավելին լինել, քան դու կաս»։
Աննա Կոստանյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







