ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է շաքարավազի շուկայում մի շարք խախտումների մասին։ Նա մասնավորապես գրել է․ «ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ՝ «Ալեքս Հոլդինգ»,«Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» և «Սաս Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել»։
Վարույթի առիթը «Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրությունն է, որի արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում՝ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ:
Նշենք, որ օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները, որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







