Արցախի Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղից 10 կմ հարավ-արևմուտք, Մռավ լեռնաշղթայի հարավային անտառածածկ լանջին կառուցված Երից մանկանց վանքում այժմ ընթանում են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ: Արցախի գողտրիկ անկյուններից մեկում տեղակայված վանքը հիմնադրվել է 17-րդ դարի վերջին քառորդում` որպես Գանձասարին հակաթոռ կաթողիկոսության կենտրոն: Կառուցել են Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանները:
Ընթացող աշխատանքների մասին Armenia today-ը զրուցել է Երից մանկանց վանքի վերականգնման աշխատանքների նախագծող ճարտարապետ Սամվել Այվազյանի հետ: Նրա խոսքով` նախապատրաստական աշխատանքներն անցած տարվանից են սկսվել, իսկ բուն շինարարական աշխատանքները` ընթացիկ տարում:
Անդրադառնալով Երից մանկանց եկեղեցու առանձնահատկություններին, Սամվել Այվազյանը նշել է, որ այն դետալային բազում յուրահատկություններ ունի: Նախ, Արցախի տարածքում, հատկապես չորս առանձին սյուների վրա հենված, գմբեթավոր եկեղեցիներ համեմատաբար քիչ են հանդիպում:
«Եկեղեցիները հիմնականում արևմուտքից են ունենում գլխավոր մուտքերը, Երից Մանկանց եկեղեցու մուտքը հարավից է: Դա կապված է տեղանքի հետ հարմարեցումից: Նաև սյուները ավելի նուրբ ու բարակ են, որը հետագայում խնդիրներ է առաջացրել և արևելյան կողմի սյուները հաստացվել են»,- առանձնահատկությունների մի մասն է թվարկում նախագծող ճարտարապետը:
Աշխատանքները նախնական հաշվարկներով նախատեսված է երկու տարում ավարտել, եթե ընթացքում նոր խնդիրներ ի հայտ չգան:
«Հուշարձան հանդիսացող ցանկացած կառույց վերականգնելիս պետք է հնարավորինս նախնական տեսքը պահպանել: Եվ Երից Մանկանց վանքի եկեղեցին էլ պետք է ստանա իր նախնական տեսքը»,- նշել է ճարտարապետը:
Հավելենք, որ աշխատանքները ֆինանսավորվում են ռուսաստանաբնակ բարերարի կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







