ՀՀ Կառավարությունն այսօր՝ փետրվարի 6-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի փետրվարի 10-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու առաջարկությանը։
«Հակոբյան Ռուստամ» ԱՁ հիմնադրվել է 2019 թվականին Գյումրիում, սակայն 2008 թվականից գործում է նկուղային սահմանափակ հնարավորություններ ունեցող արտադրամասում։ Ընկերությունը զբաղվում է տրիկոտաժի՝ ներքնազգեստի արտադրությամբ։ Ներկայումս ընկերությունը իր 25 քառակուսի մետր արտադրամասից տեղափոխվել է առավել մեծ` 716 քառակուսի մետր տարածք ունեցող նոր արտադրամաս:
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 91 մլն դրամի չափով ներդրում, որից 21 մլն դրամի ներդրում արդեն իրականացվել է արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար։ Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 120 հազ․ դրամ միջին աշխատավարձով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







