Ստեփանակերտի «Վալլեքս գարդեն հոթել» կինոդահլիճում նոյեմբերի 19-21-ը գործում է «Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդեսը և իրականացվում համանուն ֆիլմի ցուցադրությունը:
Նախագծի իրականացնողներ արվեստագետ Էդիկ Պողոսյանը և լուսանկարիչ Արեգ Բալայանը Արցախյան հակամարտության հետ կապված իրեղեն վկայությունների միջոցով ցուցադրում են ոչ թե դրա քաղաքական, տնտեսական կամ սոցիալական հետևանքները, այլ շփման գծի մերձակա տարածքում առկա հետքերը:
Արեգ Բալայանը մասնակցել է ապրիլյան պատերազմին, Էդիկ Պողոսյանն իրան-իրաքյան պատերազմի վկա է: Նրանք երկուսն էլ առնչվել են պատերազմ երևույթի հետ, երկուսն էլ հստակ գիտեն, որ պատերազմը ոչ միայն ռազմական գործողություն է, այլև դրա թողած հետևանքները, որոնք երբեմն ձգվում են մասնակցի կամ ականատեսի ողջ կյանքի ընթացքում:
Ներկայացված լուսանկարներում արտացոլվում է հակամարտության ազդեցությունը մարդկային ճակատագրերի վրա, հերոսներից յուրաքանչյուրի վրա պատերազմն անդառնալի ու անշրջելի հետևանքներ է թողել:
Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում Արեգ Բալայանը նշել է, որ ինստալացիան կցուցադրվի նաև Երևանում, Թիֆլիսում և այլ վայրերում, իսկ լուսանկարների հերոսներից ոմանք իր դասընկերը, ընկերը կամ գործընկերն են:
Ցուցադրության առթիվ հրատարակված երկլեզու (հայերեն, անգլերեն) պատկերագրքում նշվում է, որ նախագիծը հավակնություն չունի պատասխանելու այն հարցին, թե ինչ է պատերազմը: Նույնիսկ հակառակը. այն ընդգծում է, որ պատերազմը բազմաշերտ է, ոչ միանշանակ ու երբեմն անհասկանալի:
Հավելենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







