Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 12-ին ընդունել է գերմանական DEG միջազգային ֆինանսական կազմակերպության փոխնախագահ Իրինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել Կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է DEG–ի գործունեությունը Հայաստանում: Մհեր Գրիգորյանը կազմակերպության մասնակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի զարգացման գործում համարել է մեծ ներդրում երկրում արդի բիզնես կանոնների ներդրման և թափանցիկության բարձրացման տեսանկյունից:
Իրինա Շմիդտը փոխվարչապետին ներկայացրել է Հայաստանում իրենց շուրջ 15-ամյա գործունեության ընթացքում ձեռքբերված հաջողություններն ու առաջիկայում կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում կապիտալի լիարժեք շուկա ունենալու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի նաև ներքին և արտաքին ներդրումների ակտիվացմանը: Անդրադարձ է կատարվել կազմակերպության կողմից էներգախնայողության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորություններին և հեռանկարին:
«Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները ֆինանսական ինստիտուտների արդյունավետ և նպաստավոր գործունեության համար, ինչի մասին վկայում են նաև մակրոտնտեսական ցուցանիշները և վարկանիշավորող միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականները»,-վստահեցրել է Փոխվարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







