Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հուշագրի դրույթների հիման վրա՝ Կողմերն իրականացնում են համագործակցություն, գործելով իրենց իրավասության շրջանակներում, պահպանելով իրենց ազգային օրենսդրությունը՝ հանցագործությունների նախազգուշացման, կանխարգելման, հայտնաբերման, բացահայտման և քննության ուղղությամբ։
Խոսքը, մասնավորապես, մարդկության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների, ահաբեկչության և ծայրահեղականության,զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի, ատոմային և ռադիոակտիվ նյութերի, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների, կյանքի, առողջության, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների, մարդկանց առևտրի, տնտեսական գործունեության ոլորտում կատարված հանցագործությունների, այդ թվում՝ հարկերի վճարումից խուսափելու, մաքսանենգության, կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստման, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մասին է:
Համաձայն հուշագրի՝ կողմերը համագործակցություն են իրականացնելու մի շարք ուղղություններով և միմյանց ցուցաբերելու են իրավական օգնություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







