Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության վեցերորդ համագումարը: Այս մասին հայտնում է Արցախպրեսը։
Ըստ աղբյուրի՝ համագումարին ներկայացվել են կուսակցության կենտրոնական խորհրդի և վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Հաջորդիվ տեղի են ունեցել կուսակցության նոր՝ ենտրոնական խորհրդի և կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունները:
Համագումարի ընթացքում կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԱԺԿ-ն հանրապետության քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից է, և գրեթե վերջին 20 տարիներին երկրի հանրային, քաղաքական կյանքում ժողովրդավարական կուսակցությանը հաջողվել է ձևավորել ու նաև անխաթար պահել սեփական դիմագիծը:
Համագումարի ժամանակ ողջույնի խոսք է ասել նաև Եվրոպայի «Ազատ դաշինք»-ի նախագահ Լորենա Լոպես դե Լագալը՝ իր աջակցությունը հայտնելով ԱԺԿ-ին և մաղթելով հաջողություններ կուսակցության առաջիկա աշխատանքներում:
Համագումարի օրակարգում ընդգրկված 2020 թվականի նախագահական ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից թեկնածու առաջադրելու մասին հարցի քննարկմանը միաձայն որոշմամբ բոլոր պատվիրակների կողմից ընդունվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի թեկնածությունը:
Աշոտ Ղուլյանն իր խոսքում ընդգծել է, որ 2020 թվականի ընտրությունները լինելու են տեսակի ընտրություն և վեր են հանելու մարդու, կառավարչի ու քաղաքական գործչի այն արժեքները, որոնք առավել ընդունելի են մեր հասարակության համար:
«Սա լինելու է առավել խորիմաստ ընտրություն՝ հասկանալու համար՝ ով ենք մենք՝ որպես հասարակություն, և մեզանից յուրաքանչյուրը՝ որպես անհատականություն»,- Աշոտ Ղուլյան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







