Գերմանացի վավերագրող և արվեստաբան Ուրսուլա Շուլց Դորնբուրգը որոշել է հրապարակել ավելի քան 20 տարի առաջ Երևանում արված իր լուսանկարները:
Լուսանկար-գրքի հրատարակման համար հեղինակն ընտրել է հետաքրքիր ձևաչափ՝ լուսանկարները տեղափոխվել են դպրոցական օրագիր, որը Շուլցը 23 տարի առաջ ձեռք է բերել երևանյան գրախանութներից մեկում և իր հետ տարել Եվրոպա:
Տարիներ անց Ուրսուլան որոշել է հենց այս օրագիրը վերածել Հայաստանում արված լուսանկարների յուրօրինակ ալբոմի։ Օրագրի դատարկ էջերում լուսանկարներ տեղադրելով՝ լուսանկարիչը դրանք նվիրել է իր դստերը՝ Ջուլիային, որն այդ ժամանակ ուսումնասիրել է ճարտարապետությունը։
«Սիրելի´ Ջուլիա, 1996-ից ի վեր Երևան կատարած իմ տարբեր այցերի ժամանակ արված լուսանկարները ես փակցնում էի հայաստանյան աշակերտական օրագրի էջերին,– գրել է հեղինակն ալբոմի ընծայականում,– այս լուսանկարներից շատերն արվել են երևանյան մի թաղամասով իմ զբոսանքի ընթացքում, որը Բանգլադեշ են անվանում»։
Հեղինակը հույս է հայտնել, որ իր դուստրն ըստ արժանվույն կգնահատի խորհրդային ճարտարապետության յուրահատկությունը, որը նա հայտնաբերել է Հայաստանում:
Լուսանկարչական ալբոմը հրատարակած MACK Books հրատարակչությունը որոշել է դրանում ոչինչ չփոխել։ Նորանկախ Հայաստանի պատկերներն ու դեռևս թարմ խորհրդային ճարտարապետության հետքերը հրատարակվել են հենց Երևանից գնված աշակերտական օրագրի ֆոնին, հեղինակի նախընտրած դիզայնով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







