Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Անկախության Սերունդ» կուսակցության արտահերթ 2-րդ համագումարը, որի օրակարգում ներառված էր Արցախի ԱԺ անկախ պատգամավոր Ռուսլան Էդուարդի Իսրայելյանին 2020թ. նախագահական ընտրություններում՝ որպես նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:
Այս մասին նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Համագումարը միաձայն որոշում է կայացրել Ռուսլան Էդուարդի Իսրայելյանին 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել որպես նախագահի թեկնածու:
ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը համագումարի օրակարգ ներառելուց առաջ «Անկախության Սերունդ» կուսակցությունը իր համար ստեղծել էր պատկերավոր կերպար, թե ինչպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի ԱՀ ապագա նախագահը:
Կուսակցության պատկերացմամբ ապագա նախագահը պետք է ունենա անցած մարտական ուղի, համապատասխան գիտելիք և փորձ երկրի տնտեսության զարգացման բնագավառում, լինի փորձառու քաղաքական գործիչ, հասարակության մեջ ունենա ճանաչելիություն, բարի համբավ, բարձր անձնական-կամային հատկանիշներ (արդարամտություն, սկզբունքայնություն, հետևողականություն և այլն), և նախագահի բարձր պատասխանատու պաշտոնը ստանձնելու համար համարժեք կենսագրություն:
Քանի որ ԱՀ սահմանադրությամբ նախագահը հանդիսանում է և՛ երկրի գլխավոր գերագույն հրամանատարը, և՛ տնտեսության ու արտաքին քաղաքականության պատասխանատուն, կուսակցությունը գտնում է, որ երկրի նախագահ ընտրելով, ընտրում ենք գերագույն գլխավոր հրամանատար, որը պատասխանատու է երկրի անվտանգության համար, կառավարության ղեկավար, որը պատասխանատու է երկրի տնտեսության անխաթար զարգացման և ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու համար:
Ուսումնասիրելով Ռուսլան Իսրայելյանի անցած ռազմաքաղաքական ուղին, նրա զբաղեցրած պատասխանատու պաշտոնները, մեծ փորձը բանակաշինության և տնտեսության զարգացման տարբեր բնագավառներում, ինչպես նաև անձնական-կամային որակները՝ կուսակցությունը համարում է, որ նա համապատասխանում է վերը նշված հատկանիշներին և ի զորու է ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







