Փետրվարի 2-ը Կոստան Զարյանի ծննդյան օրն է։ Նա գրական առանձնահատուկ կյանք ու ճակատագիր ունեցող ստեղծագործող է։ Նրա կյանքն անցնում է ոչ միայն ժամանակների, այլև երկրների ու աստվածների, մշակույթների ու կառավարման ձևերի միջով։ Գրողն ուրույն հայացք ունի բնության, կյանքի հանդեպ, պահպանում է մանավանդ ցեղի, իր ժողովրդի հանճարի գիտակցումը։
Նրա ծննդյան օրվա առթիվ կանդրադառնանք նրա լավագույն, բայց ոչ այնքան լավ լուսաբանված ստեղծագործություններից ՝ «Երկիրներ և աստվածներ» շարքին։
Այս շարքի առաջին երկը «Սպանիան» է։ Սպանիան անսովոր երկ է՝ բոլոր առումներով։ Այն ո՛չ ճամփորդական նոթ է, ո՛չ օրագիր։ Այն մի յուրօրինակ միաձուլումն է տարբեր ժանրերի։ Այս երկի էջերում մի զարմանալի վարպետությամբ միաձուլվում են պարզ նկարագրությունն ու փիլիսոփայական խոհը։ Գիրքը կարդալով համոզվում ես, որ թեպետ վերնագիրն Իսպանիա է, բայց Իսպանիայի հետ զուգահեռ անդադար կա հայն ու Հայաստանը։
Զարյանը Իսպանիայի ու Հայաստանի միջև շատ նմանություններ է տեսնում։ Պատահական չէ՝ Իսպանիային տված բնորոշումը՝ «Դաժան, չոր և լուսավոր մի երկիր», սա կարող ենք տարածել նաև Հայաստանի վրա։
Նա զուգահեռում է հայկական հարցը՝ խոսելով Կատալոնիայի մասին։Նրա հերոսներից մեկն ասում է, որ
Կատալոնիան մեծ հարց է, որ պիտի լուծեն իրենք՝ կատալոնացիները՝ առանց Սպանիայի միջամտության։
Վեպում կարևոր տեղ ունի նահանջի ու ձուլման ահազանգը։ Ըստ Զարյանի՝ հայը չի ձուլվում այնքան ժամանակ, քանի դեռ իրեն զգում է ժամանակավոր վտարանդի։
Շարքի 2-րդ մասը կոչվում է «Միացյալ նահանգներ». նա միացյալ նահանգները ներկայացնում է որպես տարածք, որտեղ իշխում է մեքենան, որտեղ սկսվել է մեքենայի աստվածացումը։
Ի վերջո՝ այս ամբողջ շարքի նպատակն այն է, որ հայը հստակ գիտակցի, որ հայը հայ է, քանի դեռ ամեն պահ սպասում է ճամպրուկները հավաքելուն ու Հայաստան վերադառնալուն։
Լիլիթ Բարսամյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







