Հայ Օգնության Միության Արցախի միավորի անդամները դեկտեմբերի 25-ին այցելել են Արցախի սահմանամերձ Մատաղիս և Թալիշ համայնքներ և ամանորյա նվերներ հանձնել տեղի աշակերտներին ու մանկապարտեզների սաներին:
Գրենական պիտույքներ, խաղալիքներ, անձնական հիգիենայի միջոցներ, քաղցրեղեն ու հագուստի տարբեր պարագաներ պարունակող տուփերը փոխանցվել են հիշյալ երկու համայնքների փոքրիկ բնակիչներին:
ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանը նշել է, որ վերջին անգամ ՀՕՄ-ը Մատաղիս և Թալիշ էր այցելել 2015թ. դեկտեմբերին, ապրիլյան պատերազմից մի քանի ամիս առաջ և հիմա անչափ ուրախ են՝ կրկին տեսնելով աշակերտների աշխուժությունն ու եռուզեռը դպրոցներում: «Դուք մեր հյուսիսային սահմանի պատվարն եք, մենք ձեր շնորհիվ ենք հանգիստ ապրում, որովհետև գիտենք, որ մեր հյուսիսային սահմանն անառիկ է: Ապրելով այս սահմանային գյուղերում, դուք ուժ եք տալիս մեզ բոլորիս»,- ասել է Արմինե Հարությունյանը:
Մատաղիսի միջնակարգ դպրոցում ներկայումս ուսանում է 106 աշակերտ: Դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանի խոսքով՝ վերջին տարիներին գյուղի դպրոցականների թիվը համարյա չի փոխվել:
«Երեխաները շատ են ոգևորվում, երբ զգում են, որ սահմանին մենակ չեն: Իսկ 2016-ի ապրիլից հետո բոլորը շատ կարճ ժամանակում վերադարձել, լծվել են իրենց առօրյա հոգսերին: 2007թ. շահագործման հանձնված դպրոցը ապրիլյան պատերազմի ժամանակ բավականին վնասվել էր: Կանադահայության միջոցներով շատ կարճ ժամանակում այն վերանորոգվեց և սեպտեմբերից ամբողջովին հիմնանորոգված դպրոցում էինք դասեր անում: Եվ աշակերտները դպրոցի «վերքերը» չտեսան»,- նշել է Գեղամ Աղաջանյանը:
Թալիշի նորակառույց միջնակարգ դպրոցի ուսումնական տարին մեկնարկել է այս տարվա նոյեմբերի 4-ին: Թալիշի դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցը գոհ է նոր դպրոցի պայմաններից, միայն որոշ մասնագետների կարիք ունեն: Նրա խոսքով՝ նման այցելությունները, ուշադրությունը ավելի են ոգևորում: Եթե անտեսված լինեին, ժողովուրդը կընկճվեր, բայց այցերը ոգևորում, թև են տալիս:
Հավելելենք, որ ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները մասնակցել են Մատաղիսի և Թալիշի դպրոցների ամանորյա գեղեցիկ հանդեսներին, որի ընթացքում էլ փոխանցել են նվերները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







