Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ՝ ամփոփելու 2019 թվականի գործունեության տարին:
Անդրադառնալով անցնող տարվա տնտեսական հիմնական ցուցանիշներին, պետական նախարարը նշել է, որ տարին եզրափակվում է 9.1% տնտեսական աճով՝ ապահովելով շուրջ 341 մլրդ դրամ ՀՆԱ, որը 1 շնչի հաշվով կկազմի ավելի քան 4828 ԱՄՆ դոլար:
Շարունակվել են աշխատանքները գործարար և ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ: Հարկային բեռի թեթևացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններին տրամադրված հարկային արտոնությունների շնորհիվ 2019-ին 600 նոր տնտեսվարող սուբյեկտ է ավելացել, ստեղծվել 700 նոր աշխատատեղ:
Ըստ պետական նախարարի ներկայացրած ցուցանիշների, 11 ամիսների ընթացքում արձանագրվել է ավելի քան 148 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, որը 40.2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:
«Հանքագործական արդյունաբերությունը տարեսկզբից ցուցաբերել է նվազման միտում: Մշակող արդյունաբերությունը հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 2.8 անգամ, էներգետիկան` 9.0%-ով: Սպասվում է, որ երկրում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կկազմի 475 մլն կՎտ/ժ, որը ավելի քան 22%-ով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը և որից 85 մլն կՎտ/ժ-ը կկազմի արտահանման ծավալը: Ներկայումս գործարկված է 31 փոքր ՀԷԿ, կառուցման փուլում է գտնվում 12-ը: Միաժամանակ, ինչպես գիտեք, որպես հեռանկարային ուղղություն, կարևորվում է արևային էներգիայի արտադրությունը: Ընթացիկ տարում ձևավորվել է արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների գործունեությունը կանոնակարգող օրենսդրաիրավական դաշտը»,-ասել է Գրիգորի Մարտիրոսյանը:
Պետական նախարարն անդրադարձել է նաև բնակարանաշինությանն ու հիպոթեքային շուկային՝ նշելով որ 2019 թ. ընթացքում հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի շրջանակում 397 ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները, շրջաններում 387 ընտանիքի տրամադրվել է պետական ֆինանսական աջակցություն:
Ըստ ոլորտների արձանագրված ցուցանիշներին անդրադառնալուց հետո Գ.Մարտիրոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







