ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը «Արահետներ փոփոխության համար» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացնում է «Ճանապարհ թրեյլ» համաարցախյան էկոտուրիստական արահետի, ինչպես նաև այլ քայլուղիների զարգացման աշխատանքներ, որոնք ընդգրկում են բարեկարգման, գծանշման, որոշ հատվածներում` քայլուղիների փոփոխության և նոր արահետների նորոգման աշխատանքներ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ ՄԵՀԶ նախարարությունը:
2019 թվականի դեկտեմբերի 13-18-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքներ են տարվել Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղի տարածքում։ Ծարի վիմային արահետը հին արահետ է, որն սկսվում է Ծար գյուղից և հասնում Քարվաճառ-Ջերմաջուր մայրուղի: Նորաստեղծ քայլուղին բարենպաստ պայմաններ կստեղծի ակտիվ զբոսաշրջություն նախընտրող Արցախ այցելած զբոսաշրջիկների համար:
«Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի աշխատանքային խումբը նաև արահետի տեխնիկական տվյալների ճշգրտման և հավաքագրման աշխատանքներ է իրականացրել Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում գտնվող «Ուլուբաբ» կոչվող տեղանքում՝ Սուրբ Գևորգ վանքի շրջակայքում:
Վերոհիշյալ աշխատանքներն իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան՝ ոլորտի փորձառու և մասնագիտացված թիմի կոորդինացմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







