Այսօր լրանում է Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցը։ Այդ կապակցությամբ ԱՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 1990 թ. հունվարի 13-ին Բաքվի հայերի նկատմամբ նպատակաուղղված ճնշումները վերաճեցին համատարած և կազմակերպված կոտորածի։
«Վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, բազմահազարանոց ամբոխը, Ադրբեջանի ազգային ճակատի (ԱԱՃ) ակտիվիստների ղեկավարությամբ բաժանվելով խմբերի, սկսեց հետևողական կերպով տուն առ տուն քաղաքը «զտել» հայերից: Բացառիկ դաժանությամբ իրականացված վայրագությունների և սպանությունների մասին բազմաթիվ վկայություններ կան»,-ասվում է հայտարարության մեջ։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից ցեղասպան գործողությունների շարունակական ժխտումը և դրանք իրականացնողների հերոսացումը, ինչը դարձել է Բաքվի՝ քսենոֆոբիայի և հայատյացության քարոզչության քաղաքականության բաղկացուցիչ մասը։
«Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության խնդիրը հասել է այնպիսի ծավալների, որ դարձել է տարածաշրջանային կայունության և անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը»,-նշվում է ԱՀ ԱԳՆ-ի հայտարարությունում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







