Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, 2020թ. մարտի 31-ը Արցախում համապետական ընտրությունների օր է։
2020թ. հունվարի 20-ին Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրվա մասին հաղորդագրությամբ. «Արցախի Հանրապետության սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:
Արցախի Հանրապետության սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ»:
Համաձայն աղբյուրի՝ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը՝ ղեկավարվելով Արցախի Հանրապետության սահմանադրության և ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթներով։
«Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասը՝ համապետական ընտրությունների քվեարկության օրը` 2020 թվականի մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվում է ոչ աշխատանքային օր»,-ասել է ԿԸՀ նախագահը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







