Հունվարի 24-ին ԱՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի նիստը՝ ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի նախագահությամբ:
Հանդիպման ընթացքում խոսվել է Ավստրալիայի հետ բարեկամական կապերն ամրապնդելու ուղղությամբ այս տարվա անելիքների և վերջին շրջանում Ավստրալիային պատուհասած աղետների մասին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Ամփոփելով նիստը՝ Դավիթ Իշխանյանը, շրջանակի անունից, Ավստրալիայի ազգային տոնի կապակցությամբ հրապարակել է «Ավստրալիա-Արցախ» բարեկամության շրջանակին ուղղված շնորհավորական նամակը, որում մասնավորապես ասվում է.
«Ձեզ ենք հղում մեր սրտագին շնորհավորանքները Ավստրալիայի ազգային տոնի (Ավստրալիայի պաշտոնական ազգային տոն: Նշվում է ամեն տարի հունվարի 26-ին) կապակցությամբ:
Ավստրալիան և ավստրալացիները հպարտանալու բազում առիթներ ունեն. առաջին հերթին՝ ամուր ժողովրդավարությունը, ռասսայական, կրոնական բազմազանությունը, յուրաքանչյուր քաղաքացուն ընձեռնվող ազատությունները և նվիրվածությունն արդարությանը:
Արցախի ժողովուրդն Ավստրալիան միշտ համարել է այն օրինակելի երկիրը, որին կցանկանար ձգտել ժողովրդավարության ուղին բռնած յուրաքանչյուր երիտասարդ պետություն: 1991 թ. անկախության հռչակումից ի վեր մենք ջանք չենք խնայել մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու համար:
Ընդունեք նաև մեր խորին ցավակցությունը վերջին շրջանում Ավստրալիայում մոլեգնող կործանարար հրդեհների և մյուս բնական աղետների հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների համար: Վստահ եղեք, որ մենք մշտապես աղոթում ենք Աստծուն՝ խնդրելով նրա օգնությունն ու մխիթարությունը աղետներից տուժածներին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







