Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները Ժնևում վերջին տարիներին ամենաինտենսիվն են։ Այս մասին Ռիա Նովոստիին է հաղորդել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան։
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ամենաինտենսիվն են»,-ասել է Աբդուլլաևան։
Նա նաև հայտնել է, որ կողմերը քննարկել են համանախագահների կողմից ներկայացված օրակարգը։ Ադրբեջանի ԱԳՆ նհրկայացուցչի խոսքով՝ քննարկվել են դեռևս 2019թ. առաջ քաշված դրույթները՝ երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում, հումանիտար փոխանակում, կարգավորման հիմքը կազմող սկզբունքներ և տարրեր՝ հատկապես Հելսինկյան հիմնարար ակտի սկզբունքներ և, վերջապես, բանակցային գործընթացի ինտենսիվացում։
«Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հանդիպել մոտակա ժամանակահատվածում»,- ասել է Աբդուլլաևան։
Նշենք, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը մեկնաբանել է նաև ՀՀ ԱԳՆ-ն։
«Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը»,-ասվում է ՀՀ Արտգործնախարարության մեկնաբանության մեջ։
Նշվում է նաև, որ երկու երկրների արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







