Հայաստանի Արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ մեկնաբանության մեջ «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» ձևակերման կիրառումը։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:
Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հնչեցված համապատասխան հարցին.-«Կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչ է նշանակում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ սահմանումը»:
«Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից: Այդ անվամբ Արցախի իշխանությունները մասնակցել են խաղաղ գործընթացին սկսած 1992 թվականից: Այդ սահմանմանն ընդդիմանում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն հանդես են գալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակման և Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ իշխանությունների մասնակցության դեմ»,-հաղորդում է աղբյուրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







