Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ « Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ անդրադարձել է Արցախում հիդրոէներգետիկայի հետ կապված խնդիրներին։
Հարությունյանն ընդգծել է, որ Արցախում փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը, կառավարության գործադրած մեծ ջանքերի շնորհիվ, սկսվել է 2008թ.-ին: Նախկինում հէկաշինության համար կառավարության կողմից 5 որոշում էր կայացվել, որոնք բոլորն էլ մնացել են թղթի վրա:
Այսօր արդեն ներդրումների ներգրավման միջոցով ծրագիրը հաջողել է և գրեթե լուծվել է Արցախի էներգետիկ անվտանգության և ինքնաբավության ապահովման՝ ռազմավարական նշանակության խնդիրը:
«Շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ կապիտալ-ներդրումների միջոցով (որի առյուծի բաժինն արել են օտարերկրացիները՝ անտեսելով քաղաքական խնդիրները) ստեղծվեցին մոտ 500 կայուն նոր աշխատատեղեր, պետական բյուջեի ուղղակի և անուղղակի հարկային եկամուտները ավելացան տարեկան մի քանի միլիարդ ՀՀ դրամով: Բայց ամենակարևոր ձեռքբերումն Արցախի էներգետիկ անվտանգության լիարժեք համակարգի ստեղծումն էր»,-ընդգծել է նա:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանրության շրջանում հաճախ է քննարկվում էժան հոսանք ունենալու մասին թեզն՝ այն հիմնավորմամբ, որ էլեկտրաէներգիան արտադրվում է մեր երկրում:
«ՀԷԿ-երը կառուցվել են մասնավոր ներդրումների շնորհիվ, և Կառավարության գործիքակազմն այստեղ սահմանափակ է: Բայց ընթերցողը պետք է իմանա, որ 1 Կ/Վտ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց Արցախում տնային տնտեսությունները վճարում են 25 դրամ, իսկ ՀՀ մեր հայրենակիցները՝ մոտ 40 դրամ: Համեմատելի՞ է: Կարծում եմ՝ ոչ»,-ընդգծել է Հարությունյանը։:
Անդրադառնալով բնապահպանական խնդիրներին՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը նշել է, որ շինթույլտվությունները տրվել են՝ հաշվի առնելով միջազգային չափորոշիչները:
«Չեմ բացառում, որ, փորձի ու վերահսկողության պակասից ելնելով, գուցե ինչ-որ փուլում, իսկապես, խախտումներ թույլ են տրվել, բայց իմ խնդիրը ոչ թե նեղ մասնագիտական աշխատանքին հետևելն էր, այլ արդյունավետ քաղաքականության իրականացումը, ինչպես նաև դրսի էներգակիրներից կախվածության վերացումը: Սա էր գերխնդիրը, որը հաջողությամբ հաղթահարեցինք»,-նշել է նա:
Գրառման համաձայն՝ Քաշաթաղի ու Մարտակերտի շրջաններում արդեն մեկնարկել են խոշոր ջրամբարների կառուցման աշխատանքները, որոնք կկիրառվեն և՛ էներգետիկ, և՛ գյուղատնտեսական նպատակներով: Ծրագրի վերջնաարդյունքում նախատեսվում է առաջիկա տարիներին միայն էներգետիկ բնագավառում կրկնապատկել աշխատատեղերի քանակը՝ հասցնելով 1000-ի, իսկ ոլորտից պետբյուջե մուտքագրվող եկամուտների չափը՝ շուրջ 10 մլրդ ՀՀ դրամի:
«Տնտեսության զարգացումն ու բնության պահպանումը չպետք է արհեստականորեն դարձնենք իրարամերժ նպատակներ, այլ պետք է գտնենք դրանց ներդաշնակեցման ոսկե միջինը: Իսկ այս հարցի շուրջ օրերս հացադուլ հայտարարած մեր հայրենակիցներին, ովքեր այդ տարբերակով պայքարում են հայրենի բնության պահպանության համար, կհորդորեի զերծ մնալ սեփական առողջությունը վնասելուց և հարցը տեղափոխել մասնագիտական աշխատանքների դաշտ: Էկոլոգիական հիմնահարցերը մշտապես պետք է գտնվեն մեր ուշադրության կենտրոնում, և բոլորիս ջանքերը պետք է միավորենք ավելի մեծ վերահսկողական մեխանիզմներ ունենալու համար»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







