Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 17:34

Հայաստանում դատավորների վրա ճնշում է գործադրվում․ Ուիթսոն

Sarah Leah Whitson
Սառա Լի Ուիթսոն

Հայաստանում դատավորների վրա ճնշում է գործադրվում, որպեսզի նրանք բավարարեն կալանքի միջնորդությունները և մինչև դատական վճիռը գույքի վրա արգելանք դնեն, Ազգային ժողովում (ԱԺ) ժողովրդավարության հետընթացի թեմայով լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանի (IODA) գործադիր խորհրդի անդամ Սառա Լիա Ուիթսոնը։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։

Նա խոսել է դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների, աշխատավարձին առնչվող տույժերի և նրանց պաշտոնից ազատելու՝ վարչապետի հրապարակային սպառնալիքների մասին։ Ուիթսոնի խոսքով՝ դիտարանի ուսումնասիրած գործերում դատարանները պարբերաբար ընդունել են կալանքի համար դատախազների ներկայացրած միանման հիմնավորումները՝ առանց առանձին գնահատելու յուրաքանչյուր գործի փաստերը։

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իշխող կուսակցությունը դատական համակարգի և դատախազության նկատմամբ իր փաստացի վերահսկողությունն օգտագործել է ընդդիմադիրներին ու հոգևորականներին դիտավորյալ և ընտրողաբար թիրախավորելու համար»,- ասել է Ուիթսոնը։

Ուիթսոնը պնդել է, որ ընտրություններից հետո իշխանություններն ընդլայնել են ընդդիմախոսների նկատմամբ քրեական հետապնդումները՝ կիրառելով երկարատև կալանք և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում։ Նա անդրադարձել է նաև Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներին՝ դրանք կապելով իշխանության քաղաքականության հասցեին նրանց քննադատության հետ։

Դիտարանն իշխանություններին կոչ է արել կալանքը կիրառել միայն որպես ծայրահեղ միջոց, Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցությամբ վերանայել գույքի բռնագանձման մասին օրենքը և վերջ տալ դատական համակարգի նկատմամբ գործադիրի ճնշմանը։ Միջազգային կառույցներին դիտարանն առաջարկել է Հայաստանին ֆինանսական և քաղաքական աջակցությունը պայմանավորել իրավունքի գերակայության չափանիշների պահպանմամբ։

«Հայաստանում ժողովրդավարությունը պահպանելու համար դեռ ուշ չէ, բայց այս երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմքերը խարխլվում են»,- ասել է Ուիթսոնը։

Հայաստանում վերջին շրջանում մի շարք ընդդիմադիր գործիչների և Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել։ Մասնավորապես, 2025 թվականի հունիսին կալանավորվել էին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրանք չեն ընդունել առաջադրված մեղադրանքները, իսկ նրանց պաշտպանները քրեական հետապնդումները քաղաքական են որակել։ Դատարանը 2026 թվականի հունիսին Գալստանյանի կալանքը փոխարինել էր տնային կալանքով։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին 2025 թվականի հունիսին կալանավորել էին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեղադրանքով, հետագայում առաջադրվել էին նաև տնտեսական բնույթի մեղադրանքներ։ Կարապետյանը չի ընդունում մեղադրանքները և դրանք քաղաքական հետապնդում է համարում։ Դատարանը 2026 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ին առնչվող նոր քրեական գործով նրան կալանավորել էր մեկ ամսով։

Քննչական կոմիտեն հոկտեմբերի 2-ին հայտնել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և ևս ութ անձի գործով նախաքննության ավարտի մասին։ Նրանց մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախության, շորթման և փողերի լվացման մեջ։ Նոյեմբերի 5-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա կալանքը։ Ծառուկյանը չի ընդունում մեղադրանքը և այն անհիմն է համարում։ Քրեական գործեր են քննվում նաև Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+