Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.44 ▼ −0.10
  • 396.70 ▼ −1.70
  • 4.37 ▼ −0.02
  • 138.95 ▲ +0.01
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 16:38

ԱԺ հանձնաժողովում հետաձգեցին «Ուժեղ Հայաստանի»՝ դեղերի մասին նախագծի քվեարկությունը

dexer AJ

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում մինչև երկու ամսով հետաձգվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ Եվրամիության երկրներում գրանցված դեղերի՝ Հայաստանում գրանցումը պարզեցնելու օրենսդրական փաթեթի քննարկումը՝ այն լրամշակելու նպատակով։ Հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

«Դեղերի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը նոյեմբերի 16-ին հանձնաժողովում քննարկման էր ներկայացրել խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունները հնարավորություն կտան ընդլայնել Հայաստանում գրանցված դեղերի տեսականին, խթանել ներմուծողների միջև մրցակցությունը և նվազեցնել գները։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հակադարձել է, որ առաջարկվող փոփոխությունների մի մասն արդեն կարգավորված է գործող օրենսդրությամբ, իսկ նախագիծը չի ապահովի ակնկալվող արդյունքը։

Հարությունյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ներդնել «ճանաչման գրանցում» և «թղթային փորձաքննություն» հասկացությունները։

Դրանց միջոցով Եվրամիության անդամ երկրներում գրանցված և շրջանառվող դեղերը Հայաստանում հնարավոր կլինի գրանցել փաստաթղթային փորձաքննության հիման վրա՝ առանց կրկնակի ամբողջական գիտական գնահատման։

Նախագծով ճանաչման գրանցման առավելագույն ժամկետը սահմանվում է յոթ օրացուցային օր, որից մինչև հինգ օրը նախատեսվում է փաստաթղթային փորձաքննության համար։

Հարությունյանի խոսքով՝ այդ նպատակով անհրաժեշտ կլինի ներկայացնել ԵՄ երկրում դեղի գրանցումը հաստատող փաստաթուղթը, փաթեթավորման նմուշները, բժշկական կիրառման և օգտագործման հրահանգները, ներդիր թերթիկն ու դրա թարգմանությունը։

Նախաձեռնությամբ առաջարկվում է նաև ընդլայնել գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը։ Այդ հնարավորությունը պետք է ունենան Հայաստանում մեծածախ իրացման լիցենզիա և պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ունեցող մատակարարները, որոնց կփոխանցվեն գրանցման հավաստագրի իրավատիրոջ պարտականությունները։

Հարությունյանի գնահատմամբ՝ այդ կարգավորումը թույլ կտա ավելի շատ տնտեսավարողների դեղեր ներմուծել Հայաստան և կխթանի մրցակցությունը։

Նախագծով առաջարկվում է ճանաչման գրանցման պետական տուրքը սահմանել 50 հազար դրամ։ Պատգամավորի խոսքով՝ գործող գրանցման վճարները որոշ դեպքերում հասնում են 1–2 մլն դրամի։

Նրա ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում գրանցված է 3997 անվանում դեղ, իսկ Վրաստանում՝ 11 050։ Հարությունյանի գնահատմամբ՝ այս տարբերությունը վկայում է Հայաստանում դեղերի հասանելիությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին։

Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ նոր կարգավորումը կավելացնի նաև պետական բյուջեի մուտքերը՝ գրանցվող դեղերի քանակի աճի հաշվին։

Ավանեսյանը պնդել է, որ առաջարկվող մեխանիզմն արդեն գործում է։ Նախարարը հայտարարել է, որ կառավարությունը ևս նպատակ ունի ապահովելու դեղերի ֆիզիկական և ֆինանսական հասանելիությունը, սակայն ներկայացված նախագիծը չի լուծի այդ խնդիրը։

«Ձեր նշած ցանկության իրականացումն այս նախագծով հնարավոր չէ»,- ասել է նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ ԵՄ-ում գրանցված դեղերի համար Հայաստանում արդեն գործում է պարզեցված ընթացակարգ, որի շրջանակում իրականացվում է փաստաթղթային փորձաքննություն՝ առանց կրկնակի լաբորատոր հետազոտությունների։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում դեղի գրանցումը կատարվում է 31 օրվա ընթացքում։

Նախարարը վիճարկել է նաև գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակն ընդլայնելու առաջարկի հիմնավորումը՝ անդրադառնալով դեղերի ներմուծման, գրանցման և գրանցման հավաստագրի իրավատիրոջ պարտականությունների տարբերություններին։

Ավանեսյանի գնահատմամբ՝ նախագծով առաջարկվող ճանաչման մեխանիզմը չի համապատասխանում գործող իրավակարգավորումների տրամաբանությանը։ Նա ընդգծել է, որ դեղերի անվտանգության և որակի վերահսկողության համար կարևոր է նաև արտադրողի ու գրանցման հավաստագրի իրավատիրոջ պատասխանատվությունը։

Հարությունյանի և Ավանեսյանի հիմնական տարաձայնություններից մեկը վերաբերում է նախագծի հնարավոր ազդեցությանը դեղերի գների վրա։

Պատգամավորի գնահատմամբ՝ գրանցման ժամկետների և ծախսերի կրճատումը, ինչպես նաև ներմուծողների միջև մրցակցության աճը կնպաստեն դեղերի էժանացմանը։

Ավանեսյանը հակադարձել է, որ գրանցման ծախսերի նվազեցումն ինքնին էական ազդեցություն չի ունենա դեղերի մանրածախ գների վրա։

Նախարարն ավելի արդյունավետ մեխանիզմ է համարել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի միջոցով խոշոր գնումների կազմակերպումը։

«Համակարգի ներդրումն ինքնին առանց որևէ լրացուցիչ քայլերի մղում է դեղագործական ընկերություններին գալ Հայաստան, գրանցել իրենց դեղերը, մատակարարել դրանք, վերանայել իրենց գնային քաղաքականությունը, որովհետև ունենք կանխատեսելի գնման շրջանակ»,- հայտարարել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ ապահովագրական համակարգը դեղագործական ընկերությունների համար ստեղծում է կանխատեսելի պահանջարկ, իսկ պետությանը հնարավորություն է տալիս ավելի շահավետ պայմաններով բանակցել մատակարարների հետ։

Որպես օրինակ՝ նախարարը ներկայացրել է «Հերցեպտին» դեղամիջոցի պետական գնումները։ Նրա խոսքով՝ նախկինում մեկ սրվակի գինը մոտ 700 հազար դրամ էր, սակայն պետական գնումների արդյունքում այն հաջողվել է ձեռք բերել կեսից էլ ցածր գնով։

Ավանեսյանի գնահատմամբ՝ նման գնումներն ավելի մեծ ազդեցություն կարող են ունենալ դեղերի մատչելիության վրա, քան գրանցման պետական տուրքի նվազեցումը։

Ավանեսյանն վիճարկել է նաև Հարությունյանի ներկայացրած վիճակագրությունը։ Նախարարի տվյալներով՝ Հայաստանում գրանցված է 4045 դեղ, իսկ Վրաստանում՝ շուրջ 9000։

Նա ընդգծել է, որ գրանցված դեղերի ընդհանուր թիվը չի նշանակում նույնքան տարբեր ազդող նյութերի առկայություն, քանի որ ցուցանիշներում ներառվում են նաև տարբեր դեղաչափերն ու ապրանքային անվանումները։

Ավանեսյանը հիշեցրել է նաև, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ Վրաստանը՝ ոչ։ Նրա խոսքով՝ երկրներում գործում են մաքսային և հարկային տարբեր կարգավորումներ, որոնք ևս ազդում են դեղերի շուկայի վրա։

Ավանեսյանը հայտնել է, որ կառավարությունն արդեն մշակել է դեղերի գրանցման ընթացակարգերը պարզեցնելու որոշման նախագիծ, որը նախատեսվում է ներկայացնել կառավարության քննարկմանը։

Նրա խոսքով՝ փոփոխություններով առաջարկվում է կրճատել գրանցման համար պահանջվող փաստաթղթերի շրջանակը և պարզեցնել որոշ ընթացակարգեր։

Նախարարը բացատրել է, որ դեղերի դրոշմավորման և հետագծելիության համակարգը հնարավորություն է տալիս վերանայել գրանցման պահանջները՝ միաժամանակ պահպանելով անվտանգության վերահսկողությունը։

Ավանեսյանի ներկայացմամբ՝ կառավարությունը ցանկանում է հեշտացնել ոչ միայն ԵՄ-ում, այլև այլ վստահելի կարգավորող համակարգեր ունեցող երկրներում գրանցված դեղերի մուտքը հայկական շուկա։

Նա առաջարկել է նախագծի հեղինակներին համատեղ աշխատել կարգավորումների վրա։ Քննարկման ավարտին խմբակցության առաջարկով նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով՝ այն լրամշակելու նպատակով։ Նախագիծը ներկայացրած Հարությունյանը հայտնել է, որ հետաձգումն անհրաժեշտ է նախաձեռնության վերամշակման հնարավորությունը քննարկելու և որոշ դրույթներ հստակեցնելու համար։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ ներկայացրել էր «Դեղերի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը։

Նախաձեռնության հեղինակները նախատեսում են ԵՄ-ում գրանցված դեղերի համար ներդնել յոթօրյա ճանաչման ընթացակարգ և սահմանել 50 հազար դրամ պետական տուրք։ Նրանց հաշվարկով՝ նոր մեխանիզմը հնարավորություն կտար Հայաստանում գրանցել առնվազն ևս 8000 դեղ։

Հոկտեմբերի 3-ին խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ Ստրասբուրգում Դեղերի որակի և առողջապահության եվրոպական տնօրինության (EDQM) ղեկավար Պետրա Դյորի հետ քննարկել է Հայաստանում դեղերի գների և հասանելիության խնդիրը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+