Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Դատավորների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Մելքոնյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ դրանք անցնելու հոդվածով, իսկ Պողոսյանը՝ նույն ենթադրյալ արարքին հանցակցելու մեջ։
Դատախազությունից նշել են, որ Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, Պողոսյանի նկատմամբ՝ 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։
Հոդված 441-ը վերաբերում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն, 46-441-ն այդ արարքին հանցակցելն է։ 441-րդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն ութ տարի ժամկետով ազատազրկումն է։
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) նոյեմբերի 14-ին համաձայնություն էր տվել դատավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն և կասեցրել նրանց լիազորությունները՝ մինչև քրեական վարույթների ավարտը։
ԲԴԽ-ն որոշումներն ընդունել էր նոյեմբերի 13-ին և 14-ին անցկացված դռնփակ նիստերի արդյունքում՝ բավարարելով գլխավոր դատախազի պարտականությունները կատարողի միջնորդությունները։
Ըստ ԶԼՄ-ների՝ գործընթացի հիմքում, մասնավորապես, որոշ անձանց նկատմամբ նրանց դատական որոշումներն են, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու ՀՀ-ն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







