Ֆրանսիայի Նանտ քաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել կենսապահովման ծախսերի աճի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, հայտնում է ici լրատվամիջոցը։
Իրավապահները փորձել են հետ մղել ցուցարարներին՝ կիրառելով արցունքաբեր գազ։ Մի քանի մարդ ձերբակալվել է։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Նանտի կենտրոնում հավաքվել է 1500-2000 մարդ, որոնք բողոքում են կենսապահովման ծախսերի աճի դեմ։
Փարիզում ևս հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով գների բարձրացման և իրավապահների գործողությունների դեմ։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը նոյեմբերի 13-ին հայտարարել էր, որ նոյեմբերի 14-ին երկրում նախատեսվում է անցկացնել շուրջ 50-60 բողոքի ակցիա։
Բողոքի ցույցերը Ֆրանսիայում սկսվել էին սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում ավագ դպրոցի աշակերտները պահանջել էին բարելավել դպրոցների պայմանները։ Հետագայում նրանց միացել էին գների բարձրացումից դժգոհ քաղաքացիները, իսկ ցույցերը տարածվել էին երկրի այլ շրջաններում։
Ամենամարդաշատ ցույցը տեղի էր ունեցել հոկտեմբերի 17-ին։ Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ համազգային բողոքի ակցիային մասնակցել էր շուրջ 550 հազար մարդ։
Նախորդ ցույցերի ընթացքում ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։
Նունյեսը նախկինում ընդունել էր, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և հրաժարականի դիմում է ներկայացրել։ Սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր ընդունել նրա հրաժարականը։
Մակրոնը հայտարարել էր, որ ցույցերին մասնակցում են ոչ միայն արմատական խմբերի ներկայացուցիչներ, այլև հարյուր հազարավոր մտահոգ քաղաքացիներ։ Միաժամանակ նա անհրաժեշտ չէր համարել արտակարգ դրություն հայտարարելը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







