Հայաստանը Դուբլինում չի միացել ՌԴ-ի դեմ եվրոպական հռչակագրին, հայտնել են Ելիսեյան պալատից։
Եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքների մասին հռչակագիրը ստորագրվել է նոյեմբերի 12-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Փաստաթղթում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը որակվում է որպես չհրահրված լայնածավալ ագրեսիա։
Հռչակագրի ստորագրող երկրները վերահաստատել են իրենց աջակցությունն Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում տարածքային ամբողջականությանը։ Նրանք նաև ընդգծել են Ուկրաինային անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը։
Հռչակագիրը ստորագրել են 41 երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան և Վրաստանը։ Ադրբեջանն ու Թուրքիան նույնպես ստորագրողների ցանկում չեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին մասնակցել է Դուբլինի գագաթնաժողովին։ Նույն օրը գագաթնաժողովի շրջանակում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







