Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.44 ▼ −0.10
  • 396.70 ▼ −1.70
  • 4.37 ▼ −0.02
  • 138.95 ▲ +0.01
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 16:45

«Չգիտես՝ քոնն է թե ոչ»․ ինչպես է ապրում Տիգրանաշենը սահմանազատման անորոշության մեջ

Տիգրանաշենի բնակիչները տասնամյակներ շարունակ այստեղ տներ են կառուցել, երեխաներ մեծացրել և տնտեսություն ստեղծել, սակայն այսօր սահմանազատման շուրջ անորոշության պատճառով նրանք չեն համարձակվում անգամ վերանորոգել իրենց տները։ Armenia Today-ի հետ զրույցում նրանք պատմել են, թե ինչպես է գյուղի ապագայի հարցն ազդում իրենց առօրյայի և ծրագրերի վրա։

Տիգրանաշենը գտնվում է Արարատի մարզում՝ Երևանը Հայաստանի հարավին և Իրանին կապող միջպետական ճանապարհի անմիջական հարևանությամբ։ Գյուղն Արարատ խոշորացված համայնքի կազմում է, բնակիչները Հայաստանի քաղաքացիներ են։

Տիգրանաշենը Հայաստանի վերահսկողության տակ է 1990 թվականից։ Այդ տարիներին այստեղ բնակություն են հաստատել նաև Ադրբեջանից բռնի տեղահանված հայ ընտանիքներ։ Նրանցից շատերի համար գյուղը սկզբում ժամանակավոր հանգրվան էր, սակայն տասնամյակների ընթացքում դարձավ մշտական բնակավայր։

Armenia Today-ի տեսանյութի հերոսները գյուղի չորս բնակիչ են։ Նրանք թղթակցին ցույց են տվել իրենց տները և պատմել, թե ինչպես են ապրում ու ինչ են մտածում գյուղի ապագայի մասին։ Տասնամյակների ընթացքում նրանք այստեղ տներ են կառուցել, կենցաղ կազմակերպել, մեծացրել մի ամբողջ սերունդ և մինչ օրս ապրել են խաղաղ ու հանգիստ։ Զրուցակիցներից միայն մեկն է համաձայնել խոսել տեսախցիկի առջև, մյուսները խնդրել են չհրապարակել իրենց անունները։

Բնակչուհիներից մեկն ընտանիքով Տիգրանաշեն է տեղափոխվել Ադրբեջանից։ Արցախյան շարժման սկսվելուց հետո՝ 1980-ականների վերջին, Ադրբեջանական ԽՍՀ-ում՝ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում, տեղի ունեցան հայերի ջարդեր։ Բաքվում 1990 թվականի հունվարին հայերի ջարդերից հետո քաղաքի հայ բնակիչները զանգվածաբար լքեցին այն։ Հայկական կողմն այդ իրադարձությունները որակում է որպես էթնիկ զտումներ, իսկ Հայաստանում ամեն տարի փետրվարի 28-ին հարգում են Ադրբեջանական ԽՍՀ-ում իրականացված ջարդերի զոհերի հիշատակը։

«90 թվականից ենք եկել այս գյուղ։ Այդ պատմություններից հետո, երբ արդեն գյուղը վերցրեցին մերոնք, առաջինը փախստականներն էին եկել, նրանց հետ մենք էլ ենք եկել այս գյուղ»,- պատմել է նա։

Տիգրանաշեն

Մեկ այլ բնակիչ Տիգրանաշեն է տեղափոխվել Վեդիից 1995 թվականին։

«Կվարտիրայում էի մնում, երեխաներս շատ էին, 4 երեխա ունեի այն ժամանակ, տեղափոխվեցի այստեղ՝ Տիգրանաշեն»,- պատմել է նա։

Բնակչուհիներից մեկը Տիգրանաշեն տեղափոխվելը համարում է ճակատագիր։ Նրա խոսքով՝ նա անկեղծորեն սիրել է այս վայրը և չի պատկերացնում, որ կարող էր ապրել այլ տեղ։

Մեկ այլ բնակչուհի Տիգրանաշեն է տեղափոխվել 1996 թվականին ծնողների հետ։ Սկզբում նրանք ապրել են եղբոր մոտ, որը գյուղում ընտանիքով հաստատվել էր դեռ 1990 թվականին։ Հետո նրանց հաջողվել է կողքին կառուցել իրենց սեփական տունը։

«Սկզբում եղբայրս ապրում էր հարևան տանը, մինչև սա չկառուցվեց, այսպես ասած, որպես ժամանակավոր։ Բայց, ոնց որ հասկացանք, ժամանակավորը դարձավ 36 տարի։ Եկա ու միանգամից սիրեցի այս գյուղը»,- պատմել է նա։

Տիգրանաշենի պատկանելության հարցը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է հայ-ադրբեջանական սահմանազատման օրակարգում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղն անվանել է ադրբեջանական «Քյարքի» անունով և ասել, որ դրա պատկանելությունը կորոշվի Ադրբեջանի հետ սահմանազատման արդյունքում։

Անորոշությունը ոմանց ստիպում է զգուշորեն մոտենալ տան վերանորոգմանը, մյուսներին՝ ապագայի ծրագրերին։

«Տանս պատերը ճաքել են, կարծես մի կողմը փլվի։ Ուզում ես մի բան անել, բայց ձեռքդ չի գնում, որովհետև չգիտես՝ քոնն է, թե ոչ։ Այդ ուրախությունն արդեն չկա, մի տեսակ հիասթափություն կա»,- ասել է բնակիչներից մեկը։

Այնուամենայնիվ, համայնքում կյանքը շարունակվում է։ Բնակչուհիներից մեկի տան պատերը մինչ օրս մոխրագույն են, բայց բակում ծաղկում է մրգատու այգին։ Այդ այգու մրգերից պատրաստած թթու լավաշով նա հյուրասիրել է Armenia Today-ի թղթակցին։ Նրա խոսքով՝ թեև բնակիչները չգիտեն, թե ինչ է լինելու վաղը, նրանք չեն պատրաստվում լքել իրենց տները, որոնք կառուցել են զրոյից։

Միակ բնակչուհին, որը համաձայնել է խոսել տեսախցիկի առջև, Տիգրանաշենում գտել է հանգստություն և ազատություն։

«Գիշերվա հյուրս շնագայլն է, սարից նապաստակներն են գալիս։ Բայց ես ոչնչից չեմ վախենում։ Ինձ այստեղ ձգել է այն, որ շատ հանգիստ է։ Քաղաքի աղմուկից արդեն հոգնած վիճակ է, այստեղ ազատություն է ապրելու համար»,- ասել է նա։

Տիգրանաշենի բնակիչները չեն մտածում հեռանալու մասին։ Նրանք գնալու տեղ էլ չունեն։ Պահեստային տարբերակի մասին նրանք նույնիսկ չեն ուզում մտածել, որովհետև իրենց ապագան տեսնում են հենց այստեղ, որտեղ ապրել են ամբողջ կյանքում։

«Եթե Տիգրանաշենում չլինենք, բա ո՞ւր ենք գնալու, ի՞նչ ենք անելու։ Ոչ մի պլան չկա։ Տղաներս վարձով են ապրում։ Մենք ուրիշ սեփականություն չունենք»,- ասել է բնակչուհիներից մեկը։

Armenia Today-ի թղթակցի այն հարցին, թե ինչ կհարցնեին իշխանությունների ներկայացուցիչներին, եթե հնարավորություն ունենային հանդիպել նրանց հետ, Տիգրանաշենի տարեց բնակիչներից մեկը պատասխանել է.

«Ես կուզեի մի հարց տալ՝ մեր այստեղ մնալը ո՞ւմ է խանգարում և ինչո՞ւ։ Այդ հարցին կարո՞ղ եք պատասխանել»,- ասել է նա և ավելացրել. «Մենք գնալու տեղ էլ չունենք»։

Հայաստանի իշխանությունները սահմանազատման հիմք են համարում 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով ճանաչված սահմանները, և նրանց մոտեցմամբ Տիգրանաշենը Հայաստանի տարածք չէ։ Ընդդիմադիր գործիչներն ու մի շարք փորձագետներ վիճարկում են այս մոտեցումը՝ պնդելով, որ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անվտանգային շահերն ու բնակիչների իրավունքները։

Այն, որ Տիգրանաշենը Հայաստանի տարածք է, վկայում են նաև պատմական քարտեզները, պնդում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։ Նա Armenia Today-ին ներկայացրել է 1926 թվականի քարտեզը, որը, նրա խոսքով, վավերացրել է Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ՆԿՎԴ)։

Տիգրանաշեն

«Հայաստանի մեջ ոչ մի անկլավ գոյություն չունի»,- ասել է Գալչյանը։ «Հայաստանի տարածքն այն ժամանակ 30 948 քառակուսի կիլոմետր էր, այսօր 29 743 քառակուսի կիլոմետր է, այսինքն՝ 1200 կիլոմետրից ավելի պակասել է»,- ավելացրել է նա։

Նրա խոսքով՝ խորհրդային ավելի ուշ շրջանի քարտեզներում Տիգրանաշենը նշվում է որպես Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածք։ Գալչյանը պնդում է, որ 1969–1971 թվականներին ԽՍՀՄ գլխավոր շտաբի պատրաստած քարտեզները վավերացրել և ստորագրել են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները, իսկ 1991 թվականին Ալմաթիի հռչակագրից հետո այդ վարչական քարտեզները դարձել են միջազգային սահմանների հիմք։

Քարտեզագետը հարց է բարձրացրել, թե ինչպես կարող էր Հայաստանի մայրուղու վրա գտնվող գյուղը տրվել Ադրբեջանին։

«Չգիտես ինչու 10-20 տուն ունեցող մի գյուղ՝ Հայաստանի մայրուղու վրա, տրվել է Ադրբեջանին։ Ինչպե՞ս կարելի է՝ ճանապարհը լինի սահման, այսինքն՝ գործածելի չլինի ոչ մեկի, ոչ մյուսի համար։ Քանի որ եթե մեկը կանգնի այդ ճանապարհի կենտրոնական գծի վրա, մի ոտքը աջ դնի, մի ոտքը՝ ձախ այդ գծից, մեկ ոտքդ Հայաստանում է, մյուս ոտքդ՝ Ադրբեջանում»,- ասել է քարտեզագետը։

Գալչյանի խոսքով՝ խորհրդային տարիներին գյուղի ադրբեջանցի բնակիչներն ամբողջությամբ կախված էին Հայաստանից։ Գնումների համար նրանք գնում էին Երասխ կամ Պարույր Սևակ գյուղ, իսկ էլեկտրաէներգիա, ջուր և գազ գյուղին մատակարարում էր Հայաստանի կառավարությունը։

Քարտեզագետը հարց է բարձրացնում, թե ինչպես է այդ ամենը գործելու այսօր։ Նրա խոսքով՝ նույն խնդիրն ունի նաև Արծվաշենը, որտեղ ժամանակին մոտ 4000 հայ էր ապրում։ Եթե այդ գյուղերում ադրբեջանցիներ բնակվեն, նրանք չեն կարողանա ապրուստ վաստակել, քանի որ Հայաստան մտնելն իրենց համար փակ է, իսկ Հայաստանի իշխանությունները պարտավոր չեն նրանց էլեկտրաէներգիա և ջուր մատակարարել։

«Իսկ եթե ադրբեջանցին ուզի ճանապարհ ունենալ իր երկրից դեպի այդ տարածքը, դա արդեն նշանակում է, որ մենք հող ենք տալիս Ադրբեջանին։ Սա պիտի կատարվի հանրաքվեով, և չեմ կարծում, որ որևէ հանրաքվեի մասնակից դրան համաձայն կլինի»,- ասել է Գալչյանը։

Քարտեզագետը նաև հարց է բարձրացրել, թե ինչու են Հայաստանում գյուղն անվանում ադրբեջանական «Քյարքի» անունով, եթե հենց Ադրբեջանում հայկական Արծվաշենին այդպես չեն անվանում։

Տիգրանաշեն

«Ադրբեջանցիներն Արծվաշենին այսօր էլ պաշտոնապես Բաշքենդ են ասում։ Չգիտեմ՝ մենք ինչու Քյարքի ենք ասում։ Պետք չէ Քյարքի ասել, Տիգրանաշեն է»,- ասել է Գալչյանը։

Տիգրանաշենի տարածքը մոտ 8 քառակուսի կիլոմետր է, սակայն նրա նշանակությունը պայմանավորված է դիրքով։ Գյուղի անմիջական հարևանությամբ անցնում է Երևանը Հայաստանի հարավային մարզերին և Իրանին կապող կարևոր ճանապարհային ուղղություններից մեկը։ Հետևաբար Տիգրանաշենի ապագայի շուրջ քննարկումները վերաբերում են նաև Հայաստանի հյուսիս-հարավ հաղորդակցությանը։

Գյուղի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ Այստեղ ապրողների համար սա իրենց տան ու ապագայի հարց է, երկրի համար՝ նաև Հայաստանի հարավի հետ ազատ և անվտանգ կապի։

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։

Լրագրող՝ Սոնա Խաչատրյան

Օպերատոր՝ Դմիտրի Անտոնով

Սցենարի, տեքստի հեղինակ և ռեժիսոր՝ Անուշ Մովսիսյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+