Ferrari-ն ներկայացրել է իր առաջին ամբողջովին էլեկտրական ավտոմեքենան՝ Luce-ը, որի մեկնարկային գինն ԱՄՆ-ում 560 800 դոլար է, և հայտնել, որ 2027 թվականին վաճառվելիք բոլոր օրինակներն արդեն պատվիրված են։ Այս մասին ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բենեդետո Վինյան ասել է երրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքների քննարկման ժամանակ նոյեմբերի 10-ին, գրել է InsideEVs-ը։
Վինյայի խոսքով՝ արտադրությունն ընթանում է նախատեսված ժամանակացույցով, և առաջին մեքենաները ճանապարհներին կհայտնվեն մինչև 2026 թվականի ավարտը։ 2027 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում են փորձարկումներ՝ նախ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, ապա հաճախորդների համար։ Նոր պատվեր ներկայացնող գնորդները մեքենան ստանալու համար ստիպված կլինեն սպասել մոտ մեկ տարի, նշել է ընկերության ղեկավարը։
Ferrari-ն չի հրապարակել, թե 2027 թվականին քանի Luce է նախատեսում վաճառել։
Motor1-ը հայտնում է, որ մոդելի նկատմամբ պահանջարկը գերազանցում է ընկերության նախատեսած մատակարարումների ծավալը։ Car and Driver-ը գրում է, որ ԱՄՆ-ում մատակարարումները սկսվելու են 2027 թվականի երկրորդ եռամսյակում։
Luce-ը Ferrari-ի առաջին ամբողջովին էլեկտրական, առաջին քառադուռ և առաջին հնգատեղ մոդելն է։ Այն ներկայացվել է 2026 թվականի մայիսի 25-ին Հռոմում։
Մեքենան ունի չորս շարժիչ՝ մեկական յուրաքանչյուր անիվի համար, շուրջ 1050 ձիաուժ ընդհանուր հզորություն և 100 կմ/ժ արագության զարգացնում է 2,5 վայրկյանում։ Եվրոպայում Luce-ն արժե 550 հազար եվրո՝ ԱԱՀ-ով, իսկ ԱՄՆ-ում 560 800 դոլարի գինը չի ներառում լրացուցիչ տարբերակները։
Դիզայնը մշակվել է Ferrari-ի ոճային կենտրոնի և LoveFrom ստուդիայի համագործակցությամբ, որի հիմնադիրների թվում են Apple-ի նախկին գլխավոր դիզայներ Ջոնի Այվը և Մարկ Նյուսոնը։ Ներկայացումից հետո դիզայնը համացանցում խիստ քննադատության է արժանացել, իսկ Ferrari-ի բաժնետոմսերը ժամանակավորապես ընկել են։ 2026 թվականի համար նախատեսված շուրջ 500 մեքենաները վաճառվել են երկու ամսից էլ պակաս ժամանակում, հիմնական պահանջարկը Չինաստանից էր, հայտնել է Electrek-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







