2025 թվականին հրատարակված երկու գիրք արժանացել է 2026 թվականի դոկտոր Սոնա Արոնյանի անվան հայագիտական մրցանակին, հայտնել է Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիան (NAASR)։
Մրցանակների են արժանացել պատմաբան Հուրի Բերբերյանի և արվեստի պատմաբան Թալին Գրիգորի «Հայ կինը, փոքրամասնության գործունակությունը և իրանական արդիականության ձևավորումը, 1860–1979» (The Armenian Woman, Minoritarian Agency, and the Making of Iranian Modernity, 1860–1979) աշխատությունը, ինչպես նաև Թենի Առլենի և Ջեսի Առլենի «Կիրքով ըսելու՝ ինչո՞ւ հոս եմ» (To Say with Passion: Why Am I Here?) բանաստեղծությունների ժողովածուն։
Բերբերյանի և Գրիգորի՝ Stanford University Press հրատարակչության լույս ընծայած գիրքն ուսումնասիրում է Իրանի հայ կանանց պատմությունը 1860–1979 թվականներին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կանանց կազմակերպություններին և երկրի հասարակական ու քաղաքական կյանքում նրանց ունեցած դերակատարությանը։
Հեղինակները ներկայացնում են, թե ինչպես են իրանահայ կանայք մասնակցել Իրանի արդիականացման գործընթացներին՝ փոխհարաբերություններ ձևավորելով պետական կառույցների, Հայ առաքելական եկեղեցու և քաղաքական կազմակերպությունների հետ։
Հուրի Բերբերյանը Կալիֆոռնիայի Իրվայնի համալսարանի պատմության պրոֆեսոր է, իսկ Թալին Գրիգորը դասավանդում է Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանում։ Բերբերյանը Սոնա Արոնյանի անվան մրցանակի է արժանացել նաև 2020 թվականին։
Երկրորդ մրցանակին արժանացած «Կիրքով ըսելու՝ ինչո՞ւ հոս եմ» ժողովածուն ներառում է 2015 թվականին մահացած հայազգի բանաստեղծուհի Թենի Առլենի ստեղծագործությունները։
Բանաստեղծությունները նախ հրատարակվել են Երևանում՝ 2021 թվականին, իսկ 2025 թվականին Tarkmaneal Press հրատարակչությունը լույս է ընծայել գրքի երկլեզու տարբերակը՝ հայերեն բնագրերով և անգլերեն թարգմանություններով։ Թարգմանությունների հեղինակներն են Թենի Առլենն ու նրա եղբայրը՝ Հարվարդի համալսարանի հայագիտության դասախոս Ջեսի Առլենը։
Ջեսի Առլենը նշել է, որ մրցանակը հատկապես կարևոր է քրոջ ստեղծագործությունները նոր ընթերցողներին ներկայացնելու տեսանկյունից։
Թենի Առլենը 2013 թվականին ավարտել էր Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA), իսկ 2015 թվականին ընդունվել էր Միչիգանի համալսարանի համեմատական գրականության դոկտորական ծրագիր։ Սակայն նույն տարվա ամռանը նա զոհվել էր ավտովթարից՝ չհասցնելով սկսել ուսումը։
Դոկտոր Սոնա Արոնյանի անվան մրցանակները հիմնադրվել են 2014 թվականին՝ Սոնա Արոնյանի և նրա ամուսնու՝ Ջեֆրի Գիբսի նախաձեռնությամբ։ Դրանք ամեն տարի շնորհվում են հայագիտության ոլորտում անգլերեն գիտական աշխատությունների և հայերենից անգլերեն թարգմանությունների համար։
Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել հայագիտական հետազոտությունները, հայ գրականության թարգմանությունն ու հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







