Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 8-ից Երևանում իրազեկման ակցիաներ կսկսեն Սահմանադրության փոփոխության դեմ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ կուսակցությունների ղեկավարներն ու քաղաքական ուժերի ակտիվ անդամները մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրազեկման ակցիաներ կիրականացնեն՝ քաղաքացիներին ներկայացնելու սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդդիմության դիրքորոշումը։
Կարապետյանը հայտնել է, որ միավորման մասնակիցները հասարակական ակտիվ գործիչների հետ հանդիպումների շարք են սկսում, որոնց ընթացքում կներկայացնեն իրենց հետագա ծրագրերն ու քայլերի հաջորդականությունը։ Նա ընդգծել է, որ այս փուլում քաղաքական ուժերի ընդհանուր նպատակը Սահմանադրության փոփոխությանը հակազդելն է։
Անդրադառնալով փողոցային պայքարի հնարավորությանը՝ Կարապետյանը հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է Սահմանադրության պաշտպանության համար օգտագործել բոլոր գործիքները, սակայն քաղաքացիներին համապատասխան գործողությունների կոչ կանի, երբ դրա անհրաժեշտությունն առաջանա։
«Եթե կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսով եմ՝ մեր հանրությունն այդ քայլը կանի, և մենք ամբողջությամբ այդ պրոցեսի մեջ կլինենք»,– ասել է նա։
Կարապետյանը ճեպազրույցում նաև կոչ է արել Փաշինյանին ավելի շատ մանրամասներ հրապարակել Ալիևի հետ կուլիսային բանակցությունների վերաբերյալ։ Նա այսպես է արձագանքել վարչապետի այն հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանի նախագահը նման զրույցների ընթացքում Սահմանադրության փոփոխությունը համարել է Հայաստանի ներքին հարց և նշել, որ դրանով հետաքրքրված չէ։ Կարապետյանն ընդգծել է, որ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա։ Նրա գնահատմամբ՝ Բաքվի լրացուցիչ պայմաններին համաձայնելը կարող է հանգեցնել նոր պահանջների։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լիլիա Շուշանյանը նույն ճեպազրույցում հայտնել է, որ վերջին օրերին միավորմանը միացել է առնվազն երեք կուսակցություն, ինչպես նաև հասարակական գործիչներ և կազմակերպություններ։
Նոր մասնակիցների թվում նա նշել է Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևերը», Արամ Սարգսյանի գլխավորած Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և Պարույր Հայրիկյանի ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորումը» (ԱԻՄ)։
Շուշանյանը պարզաբանել է, որ նախաձեռնությանը միանալու համար անհատական հրավեր անհրաժեշտ չէ։
Նրա խոսքով՝ միավորումը բաց է բոլոր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների համար, որոնք աջակցում են դրա նպատակներին։
Նա նաև պատմել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դեռևս կալանավորումից առաջ խորհրդակցություններ էր անցկացնում ընդդիմադիր ուժերի հետ, որոնք նախկինում միմյանց հետ չէին համագործակցում։
Շուշանյանի պնդմամբ՝ իշխանությունները փորձել են խոչընդոտել միավորմանը՝ կալանավորելով Կարապետյանին, սակայն խորհրդակցությունների մասնակիցները որոշել են շարունակել գործընթացը նրա բացակայությամբ։ Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը հիմնված է բոլոր կողմերի իրավահավասար մասնակցության վրա։
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը միավորել է նույնիսկ այն ընդդիմադիր ուժերին, որոնք նախկինում երկար տարիներ հակադրվել են միմյանց։
«Նիկոլ Փաշինյանն իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը»,– ասել է նա։
Մասնավորապես, Զուրաբյանն անդրադարձել է ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի մասնակցությանը նույն նախաձեռնությանը։ Նա ընդգծել է, որ կուսակցությունների միջև քաղաքական տարաձայնությունները պահպանվում են, սակայն այժմ նրանք դեմ են Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելուն։
Զուրաբյանի գնահատմամբ՝ նման քայլը կխարխլի հայկական պետականության իրավաքաղաքական հիմքերը։ Նա նաև զգուշացրել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար սահմանադրական փոփոխություններին համաձայնելը կարող է հանգեցնել Բաքվի նոր պահանջների։
«Սա ճանապարհ չէ, սա անվերջ զիջումների ճանապարհ է, ու այդպես խաղաղության չես հասնի, կհասնես Հայաստանի էվթանազիային»,– հայտարարել է Զուրաբյանը։
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ բացառապես կուսակցությունների կազմակերպական ռեսուրսներով հնարավոր չէ հասնել իշխանափոխության։
Նրա խոսքով՝ ներկայիս հանդիպումների գլխավոր խնդիրը հանրային լայն աջակցություն ապահովելն է։ Մամիջանյանն ընդունել է, որ ընդդիմության՝ իշխանափոխության հասնելու նախորդ փորձերը ցանկալի արդյունք չեն տվել։
«Բոլորս պիտի հասկանանք՝ հեշտ չի լինելու ու արագ էլ չի լինելու, բայց այլընտրանք կա»,– ասել է նա։
Մամիջանյանը պարզաբանել է, որ միավորման մասնակիցները համատեղ հայտարարությունը գիտակցաբար սահմանափակել են չորս առաջնային կետով՝ կենտրոնանալով իրենց միավորող հարցերի վրա։ Նրա խոսքով՝ հակառակ դեպքում անհրաժեշտ կլիներ առանձին անդրադառնալ Արցախին, արցախահայերի իրավունքներին, գերիներին, քաղբանտարկյալներին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին։ ՀՀԿ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ իշխանությունների կողմից ճնշումներ է ակնկալում, սակայն անհրաժեշտ է համարում շարունակել քաղաքական պայքարը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը հայտնել է, որ ընդդիմությունն ընտրել է համագործակցության նոր ձևաչափ՝ հիմնված չորս կոնկրետ խնդրի վրա։ Միաժամանակ մասնակից կուսակցությունները կարող են ընդհանուր օրակարգում չընդգրկված հարցերի շուրջ տարբեր դիրքորոշումներ ունենալ։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր նախորդ միավորումները ձևավորվել են ընդհանուր նպատակների, այդ թվում՝ իշխանափոխության շուրջ, սակայն չեն ունեցել բավարար հստակ բովանդակային ծրագիր։ «Մենք առանձնացրել ենք չորս կոնկրետ կետ և փոքր, բայց հաստատուն քայլերով գնում ենք մեծ խնդրի՝ իշխանափոխության հարցին»,– հայտարարել է նա։
Սուրենյանցը պարզաբանել է, որ առաջին փուլում ընդդիմությունը մտադիր է կենտրոնանալ սահմանադրական փոփոխությունները կանխելու վրա, իսկ հետագայում՝ հասարակությանը ներկայացնել այլընտրանքային քաղաքական ծրագիր և խաղաղության հաստատման սեփական մոտեցումը։ Նա նաև հայտարարել է, որ հասարակական և մասնագիտական խմբերի հետ հանդիպումներն ու իրազեկման ակցիաները միտված են հանրային լայն աջակցություն ձևավորելուն, որն իր գնահատմամբ անհրաժեշտ է իշխանափոխության հասնելու համար։
Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը նոյեմբերի 4-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տանը կայացած հանդիպման արդյունքում հայտարարել էին համազգային համախմբման գործընթաց սկսելու մասին։ Նախաձեռնության մասնակիցները նշել էին չորս հիմնական նպատակ՝ ընդդիմանալ Ալիևի պահանջով Սահմանադրությունը փոխելու պարտադրանքին, հասնել խաղաղության՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, պաշտպանել ազգային ինքնությունն ու Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև վերականգնել ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






