Վերջին երեք տարում Հայաստանի Կենտրոնական բանկից (ԿԲ) որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել է, իսկ ֆինանսական համակարգ տեղափոխվող աշխատակիցները երկու-երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, Ազգային ժողովում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ ԿԲ-ն 2027 թվականին նախատեսում է աշխատավարձերը բարձրացնել 12%-ով, սակայն նույնիսկ այդ դեպքում բանկի աշխատակիցների և ֆինանսական համակարգի աշխատավարձերի տարբերությունը կկազմի մոտ 33%։
Գալստյանը բացատրել է, որ ԿԲ-ից հիմնականում հեռանում են փորձառու մասնագետները, ինչի հետևանքով որոշ կարևոր ուղղություններում կադրային խնդիրներ են առաջանում։
Մասնավորապես, նա առանձնացրել է բանկային վերահսկողության և ռիսկերի կառավարման ոլորտները, որտեղ մասնագետների արտահոսքը կարող է դժվարացնել ԿԲ-ի աշխատանքը։
ԿԲ նախագահը հիշեցրել է, որ օրենսդրությամբ Կենտրոնական բանկի միջին աշխատավարձը պետք է համապատասխանի բանկային համակարգի միջին աշխատավարձին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։





