ԱՄՆ-ն 2026 թվականի վերջից կդադարեցնի Իսրայելին ռազմական նպատակներով տարեկան շուրջ 4 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության տրամադրումը, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Թրամփի խոսքով՝ այդ հարցում պայմանավորվածություն է ձեռք բերել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
«Մի քանի ամիս առաջ մենք պայմանավորվել ենք դադարեցնել այդ գործելակերպը։ Արդեն համաձայնել ենք, որ այս տարվա վերջից այլևս Իսրայելին գումար չենք վճարի։ Մենք կօգնենք Իսրայելին, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ Իսրայելն այլևս նման ֆինանսական աջակցության կարիք չունի։ Նա նաև հայտնել է, որ Դեմոկրատական կուսակցության որոշ ներկայացուցիչներ և ձախ հայացքներ ունեցող քաղաքական գործիչներ քննադատում են հանրապետականներին Իսրայելին տրամադրվող օգնության համար։
Հոկտեմբերի վերջին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը պետք է պատրաստվի միջազգային խիստ պատժամիջոցների հնարավորությանը։
Նա նաև ենթադրել էր, որ ԱՄՆ-ի կողմից Իսրայելի պաշտպանության ոլորտին տրամադրվող տասնյակ միլիարդավոր դոլարների օգնությունը կարող է մի օր դադարեցվել։ Նեթանյահուի խոսքով՝ դրա պատճառը ԱՄՆ-ում տեղի ունեցող փոփոխություններն են, ոչ թե Իսրայելում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







