ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարել է, որ բանակում զինծառայողների ինքնասպանության որոշ դեպքերի պատճառ կարող էր լինել աղանդավորական խմբերի ազդեցությունը։
Նա այս մասին հայտնել է նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին։
Քոչարյանն անդրադարձել է վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան, սպանության և ինքնասպանության դեպքերին՝ կարևորելով դրանց խորքային պատճառների ուսումնասիրությունը։ Պատգամավորն առաջարկել է վերլուծել նաև զինծառայողների հոգեբանական վիճակի, զորակոչի և ծառայության ընթացքում առկա խնդիրների ազդեցությունը։
Պողոսյանը հայտնել է, որ զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ քրեական վարույթներն իր անմիջական հսկողության ներքո են։ Նրա խոսքով՝ ՔԿ-ն ոչ միայն քննության ընթացքում բացահայտում է հանցագործությունները, այլև ուսումնասիրում է մահվան պատճառներն ու դրանց նպաստող հանգամանքները։
«Մի շարք դեպքերում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել, օրինակ, որոշակի սեկտային հարելը»,- հայտարարել է ՔԿ նախագահը։
Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ ինքնասպանության հակում ունեցող անձանց ինքնասպանություն են քարոզում։ Պողոսյանը նաև հիշատակել է դեպք, երբ մահացած զինծառայողի մարմնին դաջվածքներ են հայտնաբերվել, որոնք, ըստ նրա, հոգեբաններն ու մասնագետները կապել են ինքնասպանության հակումների հետ։
ՔԿ նախագահը հարցը համարել է ազգային անվտանգության խնդիր և հայտնել, որ պատրաստվում է համապատասխան նամակ ուղարկել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։
Նա նշել է, որ առաջիկայում համապատասխան գործընթացներ կսկսվեն, և հանրությանը կներկայացվեն ուսումնասիրությունների արդյունքները։
Պողոսյանն ընդգծել է, որ խոսքը բանակում արձանագրված ինքնասպանության ոչ բոլոր, այլ մի քանի դեպքերի մասին է։
Հոկտեմբերի 31-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր զորամասերից մեկում զինծառայող Տիգրան Ստեփանյանի դին հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին։ Գերատեսչությունից նշել էին, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2026 թվականի առաջին յոթ ամիսներին Հայաստանի զինված ուժերում գրանցվել էր զինծառայողների մահվան 30 դեպք, որոնցից 11-ը կապված էր զինվորական ծառայության հետ, իսկ 19-ը՝ ոչ։
Իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրության համաձայն՝ այդ դեպքերից 11-ը սպանություններ և ինքնասպանություններ էին։
Մասնավորապես, արձանագրվել էր ինքնասպանության 8 և սպանության 3 դեպք։ Կազմակերպության տվյալներով՝ ինքնասպանության 8 դեպքից 6-ը և սպանության 3 դեպքից 2-ը կապված էին զինվորական ծառայության հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2025 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ այդ տարի ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցվել էր զինծառայողների մահվան 32 դեպք, ինքնասպանության 4 փորձ և ինքնավնասման 71 դեպք։
ՄԻՊ-ը մտահոգություն էր հայտնել բանակում բռնության, վատ վերաբերմունքի և զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության հետ կապված խնդիրների վերաբերյալ՝ ընդգծելով դրանց կանխարգելման ուղղությամբ լրացուցիչ քայլերի անհրաժեշտությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







