Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել համացանցում տարածված տեսանյութից հետո, որտեղ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը հայտարարել էր իր նկատմամբ գործադրված բռնության մասին:
Մինչ իրավապահները պարզում են դեպքի մանրամասները, Մխիթարյանը պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքին և վերադարձնել 2026թ. առաջին երկու ամիսների աշխատավարձից կատարված մասնակի պահումները։
Ասում է՝ վարչական շրջանի շենք էր գնացել հենց չվճարված գումարների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով, որտեղ էլ, ըստ նրա, իր նկատմամբ ուժ էր կիրառվել։
«Ինձ այնտեղից ուժով դուրս հանեցին, քաշքշեցին»,- նշել է տիկին Աիդան:
Թաղապետարանից նման հայտարարությունները որակում են «սադրիչ» և պնդում, որ աշխատակցի հեռացումը հարկադրված քայլ էր։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ փորձել են զսպել տիկնոջը, ով, ըստ պաշտոնյայի, ներխուժել էր սենյակ և հայհոյել բոլորին։
«Սա առաջին դեպքը չէր, երբ նրա վարքը դուրս էր գալիս թույլատրելիի սահմաններից»,- պնդել է Գաբրիելյանը։
Թաղապետը հավաստիացրել է՝ Մխիթարյանի դեմ բազմիցս բողոքել են նաև բնակիչները:
«Բնակիչները դիմում էին մեզ, խնդրում, որ նա այլևս չաշխատի իրենց բակերում: Նույնիսկ այլ մաքրուհիների հետ էր մշտական կոնֆլիկտների մեջ»,- նշել է վարչական շրջանի ղեկավարը։
Մաքրուհին չի ընդունում այս մեղադրանքները: Նրա խոսքով՝ կոնֆլիկտն ունի այլ ենթատեքստ՝ թաղապետարանի ղեկավարության հետ հարաբերություններն սկսել են լարվել, երբ ինքը դիմել է տան տանիքի վերանորոգման հարցում աջակցություն ստանալու խնդրանքով, սակայն մերժում է ստացել։
Գաբրիելյանը, մինչդեռ, ասել է, որ տարիներ առաջ օգնություն տրամադրվել է (փայտ և թիթեղ), բայց կինն ինքն է հրաժարվել:
«Նա ստացել է աշխատավարձը կատարած աշխատանքի չափով: Ինչ վերաբերում է տանիքին, մենք նյութերը տվել ենք, բայց նա ասաց, որ դա իր պահանջներին չի համապատասխանում»,- նշել է պաշտոնյան:
Տիկին Աիդայի խոսքով՝ երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 36 000 դրամ թոշակ։ Նա նշել է, այժմ գործազուրկ է, և ապրում են միայն այդ գումարով։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ծառայողական քննություն անցկացնել, փոխանցել են թաղապետարանից: Մինչ այդ բռնության մեջ մեղադրվող պաշտոնյաները դեռ պաշտոնավարում են:
«Կոմունալ բաժնի պետն ու մյուս աշխատակիցները շարունակում են աշխատանքը, նրանք լիարժեք կատարում են իրենց պարտականությունները»,- հայտնել է վարչական շրջանի ղեկավարը:
Թեև թաղապետարանը պնդում է, որ միջադեպը զուտ աշխատակցի վատ վարքի արդյունք է, իրավապահները պետք է պարզեն՝ արդյոք կիրառվե՞լ է անհամաչափ ուժ: Թաղապետարանի նախկին աշխատակցուհին հավելել է, որ սպառնալիքներն այսօր էլ շարունակվում են։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթը պաշտոնեական լիազորությունները բռնությամբ զուգորդված անցնելու հոդվածով է:
Մինչ իրավապահները կտան վերջնական գնահատական, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Armenia Today-ին հաստատել են, որ Մխիթարյանը դիմել էր իրենց դեռ նախքան տեսանյութի հրապարակումը. ուսումնասիրել են ահազանգը և գրություն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:





































