ԱՄՆ պետդեպարտամենտը նոր կանոններ է ուղարկում ԱՄՆ բոլոր դեսպանատներին և հյուպատոսություններին, որոնք մասնակցում են աշխարհում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ամենամյա զեկույցի կազմմանը, գրում է BBC-ն:
Նոր հրահանգներում ասվում է, որ այն երկրները, որոնք սուբսիդավորում են աբորտները կամ նպաստում են զանգվածային միգրացիային, խախտում են մարդու իրավունքները։
Փոփոխությունները, որոնք, ըստ Պետդեպարտամենտի, նպատակ ունեն դադարեցնել «կործանարար գաղափարախոսությունները», դատապարտվել են իրավապաշտպանների կողմից, ովքեր պնդում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերասահմանում է մարդու իրավունքների վաղուց հաստատված սկզբունքները՝ գաղափարական նպատակներին հասնելու համար:
Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ նոր կանոնները «կառավարությունների վարքագիծը փոխելու գործիք են»:
Պաշտոնն ստանձնելուց ի վեր Թրամփը համառորեն հայտարարում է, որ վերականգնելու է արժեքների վրա հիմնված պետությունը:





































