ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Վենեսուելայի դեմ ռազմական գործողության տարբեր տարբերակներ, այդ թվում՝ հատուկ գործողությունների ուժերի օգտագործումը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին բռնելու համար, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Մի քանի ամերիկացի պաշտոնյաներ թերթին ասել են, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից քննարկման ենթակա տարբերակներից մեկը հատուկ գործողությունների ուժերի գործարկումն է Մադուրոյին բռնելու կամ սպանելու համար, և նույնիսկ ավելի հավակնոտ ծրագիր կա, որը նախատեսում է Վենեսուելայի նավթային հանքավայրերի և կարևորագույն ենթակառուցվածքի օբյեկտների գրավում:
Վենեսուելայի զինվորականների հետ կապված զրուցակիցը NYT-ին հայտնել է, որ Կարիբյան ծովում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացումից ի վեր Վենեսուելայի իշխանություններն ավելացրել են իրենց թիկնապահների թիվը, որոնց փորձառու և անկաշառ են համարում, ընդլայնել են հակահետախուզության կուբացի սպաների աշխատանքը Վենեսուելայի զինված ուժերում՝ երկրում հնարավոր հեղաշրջման ռիսկը նվազեցնելու նպատակով:
Միևնույն ժամանակ, ըստ NYT-ի, Վենեսուելայի իշխանությունների նախկին և ներկա ներկայացուցիչները չեն կարծում, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հոգեբանական ճնշման փորձերը պառակտում կառաջացնեն Վենեսուելայի անվտանգության ուժերում:
Արևմտյան ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրներին, բազմիցս փոխանցել են, որ Վաշինգտոնը Վենեսուելայի վրա ճնշման արշավ է իրականացնում՝ Մադուրոյի հրաժարականին հասնելու համար: NYT-ի տեղեկություններով՝ Վենեսուելայի ափերի մոտ 15 հազար զինծառայող է կենտրոնացել։
Վենեսուելայի իշխանությունները նոյեմբերի 1-ին դիմել էին Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին՝ ռազմական ռադարների մատակարարման և կործանիչների վերանորոգման խնդրանքով:
Վենեսուելայի ափերի մոտ արդեն կուտակվում է ամերիկյան նավերի մեծ խմբավորում։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի խոսքով՝ նպատակը «կիսագնդից դուրս մղելն է նարկոահաբեկիչներին» և պաշտպանելն ԱՄՆ-ն թմրանյութերի հոսքերից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







