ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար համաձայնության գալ Իրանի հետ միջուկային հարցի շուրջ։
«Ես լիովին բաց եմ երկխոսության համար։ Մենք կարող ենք խոսել նրանց հետ և սկսել գործընթացը»,- ասել է Թրամփը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ նրա՝ Թեհրանը «շատ կցանկանար նման համաձայնության հասնել»։
«Լավ կլիներ Իրանի հետ համաձայնության գալ, կարող էինք դրան հասնել պատերազմից առաջ [մինչև ԱՄՆ-ի կողմից վերջերս Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները], բայց դա տեղի չունեցավ»,- հավելել է նա։
2025 թվականին Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցի շուրջ հինգ փուլ բանակցություններն ավարտվել էին առանց արդյունքի՝ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող ռազմական գործողությունների և ամերիկյան զինված ուժերի հարվածների ֆոնին։
Նոյեմբերի 17-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ, եթե դրան հարգանքով վերաբերվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







