ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա բանակցությունները և Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Պուտինն Օրբանին է ներկայացրել Թրամփի հետ իր զրույցի հիմնական բովանդակությունը։ Նա նշել է, որ ամերիկացի ներկայացուցիչների հետ առաջիկա շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել հետագա գործողությունների ալգորիթմը՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համատեքստում՝ Հունգարիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան ապագա գագաթնաժողով անցկացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին՝ Օրբանը պատրաստակամություն է հայտնել ապահովել միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց էին ունեցել։ Հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել էր, որ Պուտինի հետ կհանդիպի Բուդապեշտում։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ նախ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց կունենան և կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի կազմակերպումը։





































