Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացման» խմբակցության նախագահ Աբդուլլահ Գյուլերը հայտարարել է, որ երկրի կառավարական մարմինները քննարկում են Գազա զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն գործընթացը նոր է սկսվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարությունները և հետախուզական ծառայությունները մանրամասն ուսումնասիրում են իրավիճակը: Դեռևս մանրամասն տեղեկություններ չենք ստացել փոխադարձ հրադադարի և Գազայում ու տարածաշրջանում ձեռնարկվելիք հետագա միջոցառումների մասին: Գազայի համար [հնարավոր] մանդատը քննարկելուց հետո այն կպատրաստվի և կներկայացվի խորհրդարանական ղեկավարությանը՝ որպես նախագահական առաջարկ: Այնուամենայնիվ, այս հարցը ներկայումս քննարկման վաղ փուլում է»,- պատգամավորի խոսքերն է մեջբերել DHA լրատվական գործակալությունը:
Գյուլերը վստահ է, որ «խորհրդարանը կաջակցի ցանկացած մանդատի», որը նախագահը կներկայացնի Գազայի վերաբերյալ:
Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 9-ին համաձայնության էին եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ: Գործարքի շրջանակում Իսրայելի բանակը պետք է նահանջի համաձայնեցված գիծ, ՀԱՄԱՍ-ը պարտավորվում է 72 ժամվա ընթացքում ազատ արձակել 20 պատանդի։ Պաղեստինյան աղբյուրները հայտնել են, որ դրան կհաջորդի Իսրայելի կողմից մոտ 250 պաղեստինյան բանտարկյալի և Գազայից 1700 կալանավորված անձի ազատ արձակումը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ հարյուրավոր բեռնատարներ կմատակարարեն սնունդ, դեղորայք և վառելիք Գազայի երկու մլն բնակչությանը, որոնց մեծ մասը տեղահանված է։
Հայաստանը ողջունել էր համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածությունը:






































