Հայաստանի ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել և մշակել պետական աջակցության իրատեսական ու գործնական մեխանիզմներ։
«Հայաստանի ձկնաբույծների միություն» հասարական կազմակերպության տնօրեն Գոռ Գրիգորյանի պնդմամբ՝ կառավարության առաջարկած ներկայիս երկու ծրագիրն անիրատեսական է և որևէ արդյունք չի տալու, քանի որ դեպի Ռուսաստան արտահանման արգելքից հետո հայտարարված եվրոպական շուկան տնտեսվարողների համար մնում է անհասանելի, իսկ 15 000 տոննա կենդանի ձկան պահպանումը հսկայական ծախսեր է պահանջում։
«Մենք ուզում ենք մի քանի օրում ամբողջ շուկան արտահանել Եվրոպա՞։ Դեմ չենք, բայց կենդանի օրգանիզմի հետ գործ ունենք, դա պահպանման ծախսեր է ենթադրում։ Ուզում են հանրությանը ցույց տալ, որ ոլորտի հետ կապված հարց են լուծում»,- նշել է Գրիգորյանը։

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ՝ հայտարարելով, որ Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպումը որևէ արդյունք չի տվել, և իրենց խնդիրները ցանկանում են ներկայացնել ավելի բարձրաստիճան պաշտոնյայի։ Նրանք պահանջել են լսել բարձրաձայնած խնդիրների մասին և տրամադրել ֆինանսական աջակցություն։ Բացի այդ, նրանք պահանջել են հետաձգել ջրերի կրճատման գործընթացը մինչև ֆինասական աջակցության տրամադրումը և հարցի կարգավորումը։

Այս ամենը նրանք ցանկանում էին մի քանի անձով ներկայացնել փոխվարչապետին՝ պարտադիր 1-2 լրատվամիջոցի առցանց հեռարձակմամբ։
Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կառավարությունից առաջրկել են մոտենալ նամակների ընդունման բաժնի պատասխանատուին՝ Նազարյանին, սակայն ձկնաբույծները մերժել են, քանի որ նախորդիվ արդեն նրա հետ հանդիպման անհաջող փորձ ունեցել էին։
Նրանք հետագա քայլերի մասին առայժմ ոչինչ չեն տեղեկացրել։

Ձկնաբույծներից մեկի խոսքով՝ իշխանություններն իրենք էլ չգիտեն՝ ինչ են խոսում, խոսում են՝ խոսելու համար։
«Երրորդ ամիսն է՝ լուրջ ֆինանսական ճգնաժամի առջև ենք կանգնած ու միայն խոսքեր ենք լսում։ Գալիս են, ձգձում, մի շաբաթ անցնում է։ Էլի խոսում ենք, էլի մի շաբաթ ձգում են»,- պատմել է նա։
Արձագանքելով ձկնաբուծարանների կողմից ջրի օգտագործման վերաբերյալ քննադատություններին՝ գործարարը պարզաբանել է, որ իրենց տնտեսություններում օգտագործվում են բնական ճանապարհով՝ անձրևաջրերից գոյացող ջրային ռեսուրսները, որոնք նախկինում որևէ տնտեսական արժեք չեն ստեղծել։

«Այդ անձրևաջրերը միլիոնավոր տարիներ եկել-գնացել են, ոչ մի աշխատատեղ չեն բացել, ոչ մի արժեք չեն ստեղծել։ Իսկ ես միայն անցած տարի գյուղատնտեսության մեջ այդ ջրերի շնորհիվ 2 միլիոն դոլարի հարկ եմ վճարել այս պետությանը։ Չհասկանալով՝ ելնում ու խոսում են, թե սա իրենց ջուրն է»,- նշել է նա։
Տնտեսավարողի խոսքով՝ ոլորտի ընկերությունները կանգնած են ֆինանսական և լոգիստիկ լուրջ խնդիրների առջև։ Նախկինում շուկաների 30%, ապա 40%-ով կրճատումից հետո այժմ իրենց առջև փակվել են հիմնական սպառման ուղղությունները։
Միևնույն ժամանակ, նա քննադատել է տեղական արտադրանքն անմիջապես եվրոպական ստանդարտներին հարմարեցնելու անհնարին պահանջները։
«Մեզ 30 տարի այլ ուղղությամբ են տանել, հիմա մեկ օրում ասում են՝ գնացեք Եվրոպայում մրցումների։ Դրա համար տարիներ են պետք, որպեսզի վերապրոֆիլավորվենք»,- ընդգծել է նա։
Բոլոր տնտեսավարողների խոսքով՝ կառավարությունն ինքն է հորդորել զարգացնել բուծումն ու ավելի մեծ արտադրանք ստեղծել, քանի որ իրենց վրա ի սկզբանե դրվել է որոշակի չափաբաժին արտադրել՝ շուկայի պահանջները բավարարելու համար։ Սակայն արտահանման այս իրավիճակում այդ ապրանքը մնացել է իրենց վրա, այն իրացնելու հնարավորություն չկա, ինչի լուծումը պարտավոր է տալ կառավարությունը։
«20 տարի առաջ երազանք էր, որ ՀՀ-ն 1000 տոննա ձուկ ունենա, մենք ինքնաբաց ենք 10-12 000-ով, նույնքան էլ արտահանում ենք։ Դա մեր կազմակերպվածության շնորհքն է»,- նշել է տնտեսավարողներից մեկը։
Նրանց պնդմամբ՝ տեղական շուկան միայն 10%-ով կարող է սպառել առկա պաշարները։





































